Հասարակություն

Լևոն Թոքմաջյանը երանի է տալիս նրանց, ովքեր կտեսնեն իր երազած Երևանը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Նկարիչն ու քանդակագործն այսօր  ազատ տեղաշարժի հնարավորություն ունեն, մարդիկ երկրից երկիր են գնում, իրենց աշխատանքի արդյունքը  ներկայացնում: Հայ արվեստագետն այսօր ազատ է քան երբևէ», — քանդակագործ Լևոն Թոքմաջյանը սա համարում է անկախության ակնհայտ ձեռքբերումներից մեկը: Ասում է` սիրում է քաղաքային տրանսպորտով շրջել, հարազատ երևանցիների դեմքերին նայել,  ուսումնասիրել, հասկանալ  նրանց հոգեվիճակը։ Դրական ամենաչնչին փոփոխությունն անգամ մեծ ոգևորությամբ է ընդունում, ինչպես, օրինակ,  վերջերս հանդիպած ավտոբուսի սափրված ու փողկապով վարորդին: «Ինձ մի պահ թվաց, թե Եվրոպայում եմ, իսկապես դեպի Եվրոպա ենք շարժվում»,- ասում է Լևոն Թոքմաջյանը։

Նրան երեկ զանգահարել է մի լրագրող ու փորձել է պարզել արվեստագետի կարծիքը՝ մշակութային ինչպիսի քաղաքականություն է իրականացվում մեր երկրում, հարցի մասին։ «Մտածեմ, կպատասխանեմ»,- ասել  է Լևոն Թոքմաջյանը,- Մինչև հիմա էլ մտածում եմ ու չեմ գտնում պատասխանը», — ասում է։

«Ապրել, մեծացել եմ մայրաքաղաքի կենտրոնում: Աչքիս առաջ են եղել  «Սևան» հյուրանոցը, Աբովյան փողոցի վրա գտնվող արվեստի ու գրականության  ինստիտուտի շենքը, Սարյան փողոցի  դատախազության նախկին շենքը, Երևանի խորհրդանիշ դարձած Երիտասարդական պալատը: Դրանք այսօր չկան, գոյություն չունեն, ինչպես մշակութային  բազմաթիվ հուշարձաններ»,- ասում է Լևոն Թոքմաջյանը՝ ցավով արձանագրելով, որ Երևանի ճարտարապետական դիմագծի աղճատման գործընթացն այսօր  էլ շարունակվում է։

«Ամենուր շենքեր, քարեր ու միայն քարեր,  քաղաքի կենտրոնում երկինքն արդեն ծածկվում է, մենք էլ մեղք ենք, շնչահեղձ ենք լինում»,-ասում է քարերի վարպետ Լևոն Թոքմաջյան ու երանի տալիս նրանց, ովքեր կտեսնեն այն Երևանը, որի մասին առայժմ միայն երազում է։

Ցուցադրել ավելի
Back to top button