ԿարևորՔաղաքական

Ի նշան Հայաստանի և Վատիկանի միջև բարեկամական կապերի և երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների

Հռոմի Պալացո դե լա Կանչելերիա սրահներում երեկ տեղի է ունեցել Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության բացման և ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի  կապակցությամբ ընդունելությունը, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» ցուցահանդեսի բացումը։ Վատիկանում ՀՀ դեսպանի կողմից տրված ընդունելությանը ներկա էին Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին, Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտին, Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներ, Հայ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներ, Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների անդամներ, Վատիկանում հավատարմագրված դեսպաններ, եվրոպական և իտալական հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, գործարարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Երկար տարիներ համատեղության կարգով լինելով Վատիկանում Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ դեսպան ` մշտապես մտորել եմ այն օրվա մասին, երբ մեր երկու պետությունները դիվանագիտական ներկայացուցչություններ կբացեն և ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն` Երևանում և Վատիկանում:   Այսօր մենք շարժվում ենք այդ ճանապարհով։ Շնորհավորելով մեզ բոլորիս այս կապակցությամբ՝ հաջողություններ եմ մաղթում դեսպան Միքայել Մինասյանին` Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանն ի նպաստ իր առաքելության իրականացման գործում։

Մեր փոխհարաբերությունները պատմական խորը արմատներ ունեն: Քրիստոնեական հավատքը դարձել է այդ առանձնահատուկ կապերի հիմքը:  Հարաբերությունների ամրապնդման գործում իրենց նպաստն են բերել այնպիսի մեծանուն գործիչներ, ինչպիսիք են` Սուրբ Ներսես Շնորհալին, Մխիթար Սեբաստացին և շատ այլ երախտավորներ: Միանգամայն խորհրդանշական է, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական բացումը համընկնում է մեր երկրի Ազգային տոնի տարեդարձի հետ: Հայաստանի անկախության վերականգնմամբ, երկու տասնամյակ է, որ մեր երկրի և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը նոր թափ է ստացել։

Այս տարվա մարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ներկա գտնվեցին Ֆրանցիսկոս Պապի գահակալության հանդիսավոր պատարագին: Մոտ մեկ տարի դրանից առաջ ` 2011թ. դեկտեմբերին նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Սուրբ Աթոռ և հանդիպեց Բենեդիկտոս XVI պապի հետ։

Անմոռանալի հիշողություններ ենք պահպանում 2001թ. Հովհաննես-Պողոս II Պապի` մեր երկիր կատարած պատմական այցից, որը տեղի ունեցավ Հայաստանում քրիտոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ՝ ի նշան Հայաստանի և Վատիկանի միջև բարեկամական կապերի և մեր երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների։

Հայաստանը բարձր է գնահատում 2000թ.-ին Հայոց ցեղասպանության ճանաչումը Սուրբ Աթոռի կողմից, որը վերահաստատվեց նաև 2001թ.-ին: Մենք հուզմունքով ենք հիշում Երևանում Հովհաննես-Պողոս II պապի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր և «Ավե Մարիա»-ի հուզառատ կատարումը աշխարհում ամենահռչակավոր հայի՝ Շառլ Ազնավուրի կողմից: Ես շատ ուրախ եմ, որ մեր թանկագին մաեստրոն մեզ հետ է նաև այսօր՝ այս արարողությանը»։

Նախարար Նալբանդյանը կարևորել է Սուրբ Աթոռի Քարտուղարության պալատում Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ցուցահանդեսի բացումը՝ նշելով, որ  Հայ առաքելական եկեղեցու հիմնադրի արձանի Սուրբ Պետրոս տաճարի արտաքին որմնախորշերից մեկում տեղադրումը 2005թ.-ին և նրա անունով մերձակա հրապարակի անվանակոչումը 2008թ.-ին կատարվել են Հովհաննես Պողոսի II պապի կողմից։

«Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը վկայում է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև սերտ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, բայց արտացոլում է նաև այդ հարաբերություններն առավել սերտացնելու և խորացնելու մեր երկրի ցանկությունը» — ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վատիկանում ՀՀ դեսպանության բացման կապակցությամբ Սուրբ Աթոռի անունից ողջույնի խոսքով հանդես է եկել Արևելյան եկեղեցիների միաբանության ղեկավար և Արևելյան պապական խորհրդի նախագահ Կարդինալ Լեոնարդո Սանդրին։

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը այցելել է նաև Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանատուն, ծանոթացել  դեսպանության աշխատանքային պայմաններին, հանդիպել դեսպանության աշխատակիցների հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button