Իրաքում եզդիներին որպես առանձին էթնիկ խումբ ճանաչելը ողջունել է ՀՀ եզդիական համայնքը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Առաջին անգամ Հայաստանն անկախացումից հետո պաշտոնապես ճանաչեց եզդիների ազգությունն ու լեզուն։ Դրանից հետո նրանց ազգությունը ճանաչել են Ռուսաստանը, ապա՝ Վրաստանը: Իսկ վերջերս Իրաքի խորհրդարանը որոշում կայացրեց եզդիներին ճանաչել որպես առանձին էթնիկական խումբ։
Ըստ Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի` այսօր Իրաքում ապրում է 1 մլն 300 հազար եզդի, որոնց համար այս որոշումը շատ կարևոր էր: «Եզդիխանա» թերթի գլխավոր խմբագիր Խըդըր Հաջոյանը նշել է, որ այդ որոշմամբ կթուլատրվի իրաքյան դպրոցներում դասավանդել եզդիների կրոնն ու լեզուն:
Երկրներ կան, որտեղ ապրում են եզդիներ, սակայն վերջիններիս ազգությունը ճանաչված չէ: Թամոյանը հույս հայտնեց, որ եթե Իրաքում հարցը լուծվել է, ապա կլուծվի նաև մյուս երկրներում, որտեղ եզդիներ են բնակվում։ Հայաստանում Գերմանիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ազիզ Թամոյանը խնդրել է փոխանցել գերմանական իշխանություններին, որպեսզի այնտեղ բնակվող 200 հազար եզդիներին ճանաչեն էթնիկ առանձին խումբ։
Անցյալ տարի Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի հարևանությամբ կառուցվել է եզդիների մեծ սրբավայրը, որի գոյության մեկամյակը նշվի սեպտեմբերի 29-ին։