Քաղաքական

Ի՞նչ է անկախությունը. հարցը նախկին պատգամավորների բանավեճի առարկա

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանի անկախության 22-րդ տարեդարձին ընդառաջ քաղաքական գործիչները փորձում են վերլուծել  ու հասկանալ, թե ինչ տվեց Հայաստանին անկախությունը և ինչ նվաճումներ գրանցվեցին 22 տարվա ընթացքում: Հարցին հնարավոր չէ անդրադառնալ՝ չհիշելով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը: Հարցն այսօր բանավեճ է առաջացրել «Հենարան» ակումբում նախկին պատգամավորներ Աղասի Արշակյանի ու Արշակ Սադոյանի միջեւ։

Անկախությունը սրբություն է, այն պետք է պահպանել ու պայքարել դրա համար, Արշակ Սադոյանի այս ձևակերպումից հետո Աղասի Արշակյանը հարցի դասագրքային բացատրությունը տվեց. «Դա տվյալ երկրի անկախ էներգետիկայի, անկախ կապի, տնտեսության հանրագումարն է»։

Բանավեճն առիթ էր կրկին հիշելու Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը։ Աղասի Արշակյանն այն համարեց վերջին 16 տարվա ընթացքում կայացրած ամենաշրջահայաց որոշումը։ Պատասխանը ծիծաղ առաջացրեց Արշակ Սադոյանի մոտ. «Այո, ինձ համար ծիծաղելի է: Բա որ մեր երկրի արյունատար անոթները տալիս էիք ռուսներին, նյարդային համակարգը՝ նույնպես, բա ի՞նչ էիք մտածում»։

Որոշումը անընդունելի համարեց  նախկին պատգամավորը ու պատկերավոր նմանեցրեց մի վիճակի, երբ պարտադրում են թե ինչ ես հագնելու և թե ում հետ ես ամուսնանալու։

22 տարի առաջ, երբ հանրաքվեով որոշվում էր Հայաստանի անկախության հարցը, գրեթե բոլորը կողմ քվեարկեցին, քանի որ, կար հավատ, որ մեծ նվաճումների ենք հասնելու, սակայն, քառորդ դար է անցել և քիչ նվաճումներ կան: Լավ է, որ ունենք բանակ, սակայն մի շարք նվաճումների կողքին վերացվեց ժողովրդի հավատը, ասաց Աղասի Արշակյանը՝ կարծիք հայտնելով նաև, որ եթե այսպես շարունակվի, ապա 9 տարի հետո Հայաստանում բնակչության թիվը 1 մլն- ից քիչ կլինի։ Ապագայի հարցում Արշակ Սադոյանը այլ պատկերացում ունի. «Դրսում 10 մլն կա, եթե փող ուղարկեն՝ կկարողանանք դիմակայել»։

Անկախությանն 22-րդ դարեդարձի առիթով Արշակ Սադոյանը մաղթեց, որպեսզի պետական այրերը հնարավորություն ունենան ինքնուրույն որոշումներ կայացնել,  իսկ Աղասաի Արշակյանը մաղթեց հավատի վերականգնում։

Ցուցադրել ավելի
Back to top button