Քաղաքական

Եգիպտոսի առաջին վարչապետն ու ԱԳ նախարարը հայ էր, Հայաստանում հիշել են եգիպտացի լրագրողները

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում են եգիպտացի լրագրողներ, որոնք այսօր իրենց հայ գործընկերների հետ հանդնպման ժամանակ անդրադառնալով Եգիպոստի ներքին իրավիճակին նշեցին, որ արդեն ձևավորվել է ճանապարհային քարտեզ, որի համաձայն կիրականացվեն սահմանադրական փոփոխություններ և կանցկացվեն նախագահական ու  խորհրդարանական ընտրություններ։ «Մենք հույս ունենք, որ Հայաստանը նեցուկ կկանգնի Եգիպտոսին այս ծանր ժամանակահատվածում»,- շեշտեցին եգիպտացի լրագրողները։ Նրանք վստահեցրին, որ Եգիպտոսի հայ համայնքն ապահով և անվտանգ է, իսկ այն, ինչ այսօր տեղի է ունենում Եգիպտոսում հեղափոխություն է, այլ ոչ թե հեղաշրջում։

Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները պատմական և բարեկամական են, շեշտեց Մոհամեդ Մանդուրը: Նա ասաց, թե շատ եգիպտացիներ, ցավոք, տեղեկություն չունեն Հայոց ցեղասպանության մասին: «Եգիպտոսում Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնվեց այն ժամանակ, երբ Եգիպտոսի և Թուրքիայի միջև լարվածություն առաջացավ՝  հունիսի 30-ից հետո»,- ասաց եգիպտացի լրագրողը: Մոհամեդ Մանդուրի խոսքով` այդ իրադարձությունից հետո շատ եգիպտացի լրագրողներ կարծիք հայտնեցին, որ պետք է ավելի ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ և առավել շատ տեղեկություններ փոխանցել Հայոց ցեղասպանության փաստի մասին։

Մինչ Եգիպտոսի կառավարությունը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ եգիպտացի ժողովուրդը պետք է տեղյակ լինի այդ ողբերգության մասին, շեշտեց միջազգայնագետ-լրագրողը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ Եգիպտոսում շատ փաստաբաններ արդեն դիմել են իշխանություններին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խնդրագրով։

Լրագրող Ալաա էլ Դինն  իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան մեծ սարսափ է ապրում, որ Եգիպտոսը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Նրա խոսքով` «Երբ Էրդողանը չափն անցավ Եգիպտոսի հանդեպ, Եգիպտոսն ակնարկեց, որ կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը։ Դա ողջունեց նաև Եգիպտոսի ժողովուրդը։ Նրանք արդեն գիտակցում են, որ պետք է պաշտոնական մակարդակով ընդունվի Հայոց ցեղասպանությունն՝ ի հակադրություն Էրդողանի քաղաքականության»,- ընդգծեց եգիպտացի լրագրողը։

Եգիպտացի լրագրողներից Հազեմ էլ Մալլահն էլ նկատեց, որ 1991-ից Հայաստանի և Եգիպտոսի միջև կան բարձր դիվանագիտական հարաբերություններ։ Նա նաեւ շեշտեց, որ Եգիպտոսի ժողովուրդն արդեն լավատեղյակ է դառնում  Հայոց ցեղասպանության փաստի մասին՝ նկատելով, որ Եգիպտոսի հասարակության կողմից պետք է մեծացվեն Եգիպտոսի կառավարության վրա ճնշումները` Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝  Հազեմ էլ Մալլահն ասաց, որ Եգիպտոսը Ղարաբաղի հարցին կանդրադառնա, երբ երկրում ներքին կայունություն հաստատվի։ Նա նաեւ փոխանցեց, թե ղարաբաղյան խնդրում Եգիպտոսի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային օրենքներին համապատասխան՝ բացառապես խաղաղ ճանապարհով։

Եգիպտացի լրագրողները նաեւ շեշտեցին, որ ԼՂ հարցը կրոնական չէ, և ճիշտ չէ այն մոտեցումը, թե մահմեդական երկրներն այդ հարցում ունեն հակահայկական դիրքորոշում։ Նրանք միաժամանակ հիշեցրին, որ Եգիպտոսի առաջին վարչապետը և արտգործնախարարը հայեր են եղել։

Back to top button