Հասարակություն

Դոնորական արյուն 100 վայրում՝ ի նշանավորումն Ցեղասպանության 100- րդ տարելիցին

Լիլիթ Սեդրակյան
«Ռադիոլուր»- Լոս Անջելես

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/200913Lilit-Sedr.mp3
Չկրկնել այն, ինչ արվել է 40 տարուց ավելի, մտածել նոր ձևեր, կիրառել նոր գործիքներ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը որակապես այլ մոտեցմամբ և նոր քաղաքական համատեքստում նշանավորելու հարցերի մասին խոսելու և նոր գաղափարներ լսելու համար Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման Լոս Անջելեսի Միացյալ մարմինը հրավիրել էր համայնքի երկու տասնյակից ավելի լրագրողների և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Միացյալ մարմնի ատենապետ Ժան Գոսակյանը նշեց, որ մտադիր են 2015 թվականը դարձնել ակտիվ գործունեության նոր մեկնակետ։

Գրեթե բոլոր լրագրողներն ու խմբագիրները շեշտեցին, որ միայն ոգեկոչման միջոցառումները` ասել է, թե` այն, ինչ արվել է մինչև այժմ` մոտ 4 տասնամյակ,  անարդյունքն են. պետք է նոր ռազմավարություն մշակել, շեշտեց «Ասպարեզ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աբո Պողիկյանը։ Նախ՝ պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ վիճարկման առարկան այլևս ցեղասպանության փաստը չէ, այլ ապացույցի կարիք չունեցող պատմական ոճրի իրավական կողմը, ինչն էլ պետք է լինի 100-ամյակին ընդառաջ և հաջորդող միջոցառումների առանցքը, շեշտեց «Ասպարեզի» խմբագիրը։

Առաջարկ հնչեց նաև ցեղասպանության միջոցառումները կազմակերպող մարմիններում ընդգրկել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների դիվանագետներին` իբրև պատվավոր անդամներ` այդպիսով շեշտելով իրողությունը, որ Հայոց ցեղասպանությունը ոճիր է ոչ միայն հայերի, այլև մարդկության դեմ: Առաջարկի հեղինակը «Մասիս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Արշակ Կազանչյանն էր:

Խմբագրապետերը հորդորեցին ներգրավել նաև ամերիկյան լրատվամիջոցներին. նրանց նախապես ծանոթացնել 100-ամյակի միջոցառումներին: Դրանցից մի քանիսը Միացյալ մարմինն արդեն պլանավորել է. օրինակ` 2015-ի ապրիլի 24-ից օրեր առաջ  100 վայրում` դպրոց-եկեղեցի կամ ակումբ, կկազմակերպվի արյունարշավ: Մտադիր են ամերիկյան լրատվամիջոցներով տարածել, որ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները արյուն են տալիս դրա կարիքն ունեցողներին` ի հիշատակ 100 տարի առաջ հեղված արյան և եղեռնի զոհերի:

Ցուցադրել ավելի
Back to top button