ԿարևորՀասարակությունՄշակույթ

Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը տոնական տրամադրության մեջ

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»- Գյումրի

ԱՊՀ մշակութային մայրաքաղաքը՝ Գյումրին, տոնական տրամադրությամբ դարձյալ հյուրընկալել է բազմաթիվ հյուրերի աշխարհի տարբեր ծայրերից: Տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց Գյումրիի նորակառույց համար 6 երաժշտական դպրոցի բացման արարողությամբ, որին մասնակցում էին երկրի նախագահը, համաշխարային ռոք աստղերն ու բարերարները, որոնց  միջոցներով էր դպրոցը կառուցվել ու համալրվել երաժշտական գործիքներով:
Երկրաշարժից հետո  աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա հրավիրելու լավագույն միջոցներից մեկը եղավ  «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակում ռոք աստղերի թողարկած «Smoke on the water» սկավառակը:  2009 ին Mediamax –ի հրավերով Հայաստան են ժամանում Յան Գիլանը, Ջոն Դին ու Թոնի Այոմին եւ որոշում բարեգործական միջոցներն ուղղել դպրոցի կառուցմանն ու հագեցմանը: 2009-2012 թթ. դպրոցի վերակառուցման նպատակով հավաքվում է 110 հազար դոլար։ Մարդիքյան ընտանիքի հիմնադրամը եռապատկում է հավաքված գումարը, 21 հազար  դոլարի գործիքներ էլ տրամադրում է Millbank Music երաժշտական գործիքների խանութը։

Գյումրեցի երիտասարդներին հուզել էր ռոքի համաշխարային լեգենդների այցը, աստղերին էլ հուզել էր հանրապետության նախագահի ներկայությունը: Նախագիծը մշտապես եղել է երկրի նախագահի ուշադրության կենտրոնում։ Յան Գիլանի հետ խորհրդանշական ծառը  դպրոցի բակում արմատավորելուց հետո երկրի նախագահը շտապեց Խաչքարերի պուրակ, այնուհետեւ ծանոթացավ Գյումրիի սրտում վերակառուցվող սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարության ընթացքին եւ մասնակցեց արհեստների ու արվեստների փառատոնին:

Նման փառատոն առաջին անգամ է կազմակերպվում Գյումրիում, ինչին իրենց մասնակցությունն են բերել ինչպես Հայաստանի մարզերի, այնպես էլ ԱՊՀ երկրների ներկայացուցիչներն իրենց ավանդույթներով ու մշակույթով, կենտրոնում, սակայն, Գյումրին է։

Դարբին Գագոն իր պատրաստած պայտը կխփի Գյումրիի մուտքի մոտ՝  քաղաքին հաջողություն բերելու համար: Երկրի Նախագահը  շրջեց տաղավարներով ու ծանոթանալավ արհեստների ու արվեստների բազմազանությունը ներկայացնող վարպետներին ու մշակութային գործիչներին:

Այցի ավարտին Սերժ Սարգսյանը փակ խորհրդակցություն անցկացրեց Գյումրիի քաղաքապետարանում՝ տալով համապատասխան հանձնարարականներ ուղղված մարզի ու Գյումրիի զարգացմանը։ Նախագահական պատվիրակությունը մեկնեց, սակայն Գյումրիի տոնական միջոցառումների շարքը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր՝ զբոսաշրջիկներին ներկայացնելով քաղաքի արհեստները, արվեստները, մշակույթն ու ավանդույթների ողջ  գրավչությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button