Քաղաքական

Այցը նոր հեռանկարներ կբացի Հայաստանի և Կալիֆորնիայի միջև, ասել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 19- ին ընդունել է Կալիֆորնիայի նահանգային ժողովի խոսնակ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին մեր երկրում՝ նախագահը մեծապես կարևորել է Հայաստանի բարեկամների հետ շփումները, բաց և անկեղծ երկխոսությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ: Նրա խոսքով, այդ հարաբերությունների հիմքում ընկած են ինչպես երկու ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ առնչություններն ու ԱՄՆ­ում բնակվող ստվար հայ համայնքը, այնպես էլ ժողովրդավարության և ազատության մասին ընդհանուր պատկերացումները: Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է նշել, որ հայ-ամերիկյան հարաբերությունները ներկայումս գտնվում են պատմականորեն ամենաբարձր մակարդակի վրա: Ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կարևոր ներգրավվածություն ունի մեր տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովման գործում և բարեփոխումների իրականացման ճանապարհին մեծապես օժանդակում է Հայաստանին՝ Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանն ու ժողովրդին:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Ջոն Պերեզի գլխավորած պատվիրակության այցը լրացուցիչ խթան կհանդիսանա և նոր հեռանկարներ կբացի Հայաստանի և Կալիֆորնիայի միջև հարաբերություններում, ինչը, անկասկած, նաև լավ նախադրյալներ կստեղծի Հայաստան-ԱՄՆ կապերի խորացման համար:

Հանդիպմանը երկուստեք բարձր է գնահատվել Կալիֆորնիայի ազդեցիկ և ստվար հայ համայնքի դերն ինչպես նահանգի հասարակական-քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների սերտացման գործում:

Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Կալիֆորնիայի իշխանություններին, որոնք նահանգային և տեղական մակարդակներով բանաձևեր են ընդունել՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և խստորեն դատապարտել այդ ոճրագործությունը: Նման մոտեցումը, ըստ Նախագահի, վկայում է համամարդկային արժեքներին նրանց հավատարմության մասին:

Հանրապետության Նախագահը կարևորել է նաև պատվիրակության անդամների այցը ԼՂՀ, որը թույլ կտա տեղում ծանոթանալու և հետագայում նաև այլոց ծանոթացնելու այդ հինավուրց հայկական երկրամասին, նրա հարուստ ժառանգությանն ու այսօրվա ձեռքբերումներին: Արտաքին աշխարհի համար Լեռնային Ղարաբաղի բաց, մատչելի և հյուրընկալ լինելը, Սերժ Սարգսյանի համոզմամբ, միայն նպաստում է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:

Հյուրերի խնդրանքով, Նախագահը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական զարգացման առաջիկա ծրագրերը, անդրադարձել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարին:

Ջոն Պերեզը շնորհակալություն է հայտնել Նախագահին ջերմ հյուրընկալության, անկեղծ ու բաց երկխոսության և մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները հանգամանալից ներկայացնելու համար: Նա իր տպավորություններն է ներկայացրել հայաստանյան այցի բավականին հագեցած օրակարգի շրջանակներում ունեցած հանդիպումներից և այցելություններից՝ ընդգծելով, որ Կալիֆորնիայի նահանգային ժողովը հավատարիմ է իր դավանած արժեքներին և հանձնառու է այսուհետ ևս շարունակելու պատմական ճշմարտություններն ու արդարությունը պաշտպանելու, աշխարհին ներկայացնելու, խաղաղությանը և կայունությանը նպաստելու իր ջանքերը՝ զարգացնելով ու ամրապնդելով նաև երկկողմ կապերը:

Ցուցադրել ավելի
Back to top button