ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղը մնում է թափուր


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Կազմը, որով կաշխատի Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովն աշնանային նստաշրջանի ընթացքում , արդեն հայտնի է: Այնտեղ կլինեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները՝ բացի ՀԱԿ- ից: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները հայտարարել են, որ բոյկոտում են հանձնաժողովի աշխատանքը: Իսկ դա նշանակում է, որ թափուր է հանձնաժողովի նախագահի պաշտոնը .այն, ըստ ԱԺ կանոնակարգի, այս նստաշրջանում պետք է զբաղեցներ ՀԱԿ ներկայացուցիչը։
ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնն ամեն նստաշրջանում հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է խորհրդարանի ամենամեծաթիվ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցություններին: Այս գումարման խորհրդարանում հանձնաժողովը մեկ նստաշրջան ղեկավարել են ՀԱԿ-ի, մի նստաշրջան էլ՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչները: Հանձնաժողովի նախագահ նախ եղել է Նիկոլ Փաշինյանը, ապա՝ Դավիթ Հարությունյանը: Սեպտեմբերին մեկնարկած նստաշրջանի ընթացքում նախագահելու հերթը, ըստ կանոնակարգի, կրկին ՀԱԿ-ինն էր, բայց խմբակցությունը չի պատրաստվում մասնակցել հանձնաժողովի աշխատանքին և հետ է կանչում իր անդամին։
«Այս նստաշրջանում մեր խմբակցությունը հրաժարվում է մասնակցել էթիկայի հանձնաժողովի աշխատանքին: Օրենսդրական այն փոփոխությունից հետո, երբ խախտվեց հավասարակշռությունը ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր անդամների միջև, մենք կարծում ենք, որ մեր մասնակցությունն անիմաստ է»,- նստաշրջանի առաջին քառօրյայից հետո հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտողար Արամ Մանուկյանը։
Արամ Մանուկյանը նկատի ունի օրենսդարական այն փոփոխությունը, որով վերանայվեց հանձնաժողովի ձևավորևման կարգը: Ըստ դրա՝ յուրաքանչյուր խմբակցություն շարունակում է մեկ պատգամավոր ներկայացնելու իրավունք ունենալ, բայց եթե ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցությունների թիվը խորհրդարանում հավասար չէ, ապա հանձնաժողովի կազմը համալրվում է լրացուցիչ անդամով այն թևից, որը քանակապես պակաս է: Իսկ քանի որ այս խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների թիվն ավելի մեծ էր, քան՝ ոչ ընդդիմադիրներինը, օրենսդրական փոփոխությամբ խորհրդարանական մեծամասնությունը հանձնաժողովում լրացուցիչ անդամ ստանալու հնարավորություն ստացավ:
Ի դեպ՝ նույն փոփոխությունը մեծամասնության կարծիքով ոչ թե խախտեց, այլ ընդհակառակը՝ բալանսավորեց ուժերի ընդդիմություն- իշխանություն հարաբերակցությունը հանձնաժողովում: Սա, մասնավորապես, Դավիթ Հարությունյանի կարծիքն էր։ «Հիմա իրականում բալանսավորված են ուժերը, գայթակղությունը կամ հնարավորությունը օգտագործելու ինչ-որ լծակ պարզապես չկա»։
Արամ Մանուկյանը չի բացառում, որ օրենսդրական կամ իրավիճակի փոփոխությունից հետո ՀԱԿ-ը վերադառնա հանձնաժողով, բայց դա աշնանային նստաշրջանին չի վերաբերում։ «Եթե իշխանությունը կգտնի, որ պետք է ինչ-որ բան փոխել, որ այդ կառույցը աշխատի, մենք կվերադառնանք, բայց այս փուլում հրաժարվում ենք»։
Իսկ ՀԱԿ-ի հրաժարվելը նշանակում է, որ այս նստաշրջանի ընթացքում էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր կմնա: Այն, ըստ կանոնակարգի, պետք է զբաղեցներ խորհրդարանի ամենամեծաթիվ ընդդիմադիր խմբակցությունը, որն էլ հրաժարվել է անդամ ներկայացնել: Մյուս խմբակցությունները ներկայացուցիչներ արդեն գործուղել են, և հանձնաժողովի կազմը հայտնի է: ՀՀԿ-ն հանձնաժողովում կշարունակի ներկայացնել Դավիթ Հարությունյանը, նա նաև հանձանժողովի փոխնախագահն է: ՕԵԿ-ից հանձնաժողովում Հովհաննես Մարգարյանն է, ԲՀԿ-ից ՝ Վահան Բաբայանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, «Ժառանգությունից» ՝ Զարուհի Փոստանջյանը։
Ոչ իշխանական խմբակցությունները ներկայացուցիչներ թեև գործուղել են, բայց ավելի վաղ նրանք նույնպես խոսել են իրենց աշխատանքը շարունակելու նպատակահարմարության մասին: Նման հայտարարություն արել են ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի ներկայացուցիչները: Արդյո՞ք այս հայտարարությունները չեն վկայում հանձնաժողովի նկատմամբ վստահության նվազման մասին. Դավիթ Հարությունյանն այդ հայտարարությունների մեջ քաղաքական շահարկում է տեսնում։ «Իմ խորին համոզմամբ էթիկայի հանձնաժողովը շարունակում է արդյունավետ գործել, բայց ունենում է քաղաքական շահարկում»։
Իսկ ի՞նչ կլինի, եթե ՀԱԿ-ի օրինակին հետևեն ընդդիմադիր այլ խմբակցություններ նունպես։ «Շատ ցավալի կլինի: Մենք կսկսենք մտածել, թե ինչ անել՝ փոխե՞լ օրենքը, վերացն՞լ էթիկայի հանձնաժողովը, այդ գործը վերապահել արտախորհրդարանական մարմնի: Տասնյակ լուծումներ կան, բայց չեմ կարծում, թե քաղաքական ուժերն այդ աստիճան պարզունակ քայլերի կգնան զուտ քաղաքական փոքր դիվիդենտների համար»,- ասում է Դավիթ Հարությունյանը։