ԿարևորՀասարակություն

Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը նոր շենքը համապատասխանում է արդի պահանջներին

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Երևանի Դավթաշեն համայնքում այսօր բացվել է ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության նոր վարչական շենքը, որի բացմանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջել է նորակառույց մասնաշենքում ծանոթացել պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը: Աշխատակիցները ներկայացրել են իրենց կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունները ժամանակակից եղանակով կազմակերպելու նոր հնարավորությունները։
Անձնագրերի ու վիզաների վարչության նոր շենք կառուցելու անհրաժեշտություն զգացվեց, երբ բարեփոխումներ իրականացվեցին ու ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընթացակարգը փոխվեց, հարց առաջացավ արդիականացնել տեխնիկական միջոցները: Դիմումների ավելացող հոսքի պայմաններում մոտավորապես մեկ տարի առաջ որոշում կայացվեց նոր շենք կառուցել, որպեսզի հեշտացվեն քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Չորս հարկանի շենքում այսուհետ բարելավվելու է սպասարկումը, խոստացավ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը։

Քաղաքացիության վերաբերյալ  դիմումների քննարկման ժամկետը 1 տարվա փոխարեն կտևի 6 ամիս,  լրագրողներին տեղեկացրեց ոստիկանության գեներալ-մայորը: Դիմումատուն պատասխանը կստանա SMS հաղորդագրության միջոցով և անհրաժեշտություն չի առաջանա այցելել կամ զանգել անձնագրերի ու վզաների վարչություն: Բարեփոխումների արդյունքում՝ ՀՀ քաղաքացիություն ստացած, սակայն անձնագիր չունեցող քաղաքացին կկարողանա մուտք գործել ՀՀ տարածք։ Կենսաչափական տվյալներով նույնականացման քարտերն ու անձնագրերը տպագրվելու են շենքի ներսում, ինչը ևս կհեշտացնի աշխատանքը։

Ի դեպ՝ լրագրողները Արթուր Օսիկյանից հետաքրքրվեցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում իրեն գլխավոր դատախազ նշանակելու մասին լուրերը. Նա զերծ մնաց լուրը մեկնաբանելուց՝ նշելով, թե այն չի համապատասխանում օրվա խորհրդին։

Տեղեկացնենք, որ մամուլում շրջանառվում են գլխավոր դատախազի պաշտոնի չորս հավակնորդների անուններ՝  ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյան, ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյան, ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյան եւ ՀՀ զինդադախազ Գեւորգ Կոստանյան։

Ցուցադրել ավելի
Back to top button