

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Կառավարությունն այսօր հաստատել է Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու միջոցառումների ցանկը: Յոթ աշխատանքային խմբերը Մաքսային միության անդամ երկրների ներկայացուցիչների հետ քննարկելու և նախապատրաստելու են համապատասխան փաստաթղթերը: Միաժամանակ՝ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը նաև Եվրոմիության հետ։
Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումն արդեն կայացված է, այսօր կառավարության նիստից հետո հայտարարեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Կարինե Մինասյանը: Իսկ հայրենի կառավարությունն այսօր, ըստ էության, անդամակցելուն ուղղված առաջին պաշտոնական քայլը կատարեց՝ հաստատելով Մաքսային միությանը ՀՀ միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ նախագիծը: «Յոթ աշխատանքային խումբ է ստեղծվելու, որոնք նախապատրաստելու են բանակցային գործընթացը»,- ասաց կարինե Մինասյանը։«Առաջինն ընդհանուր իրավական խումբն է, որն ընդհանուր պայմանագրի դրույթներն է քննարկելու, թե ինչպես կարող է Հայաստանը միանալ Մաքսային միությանը: Երկորդը սակագնային կարգավորման հետ կապված հարցերն է քննարկելու, քանի որ ՀՀ-ի և Մաքսային միության երկրների մաքսային տարիֆները տարբեր են, այդ խնդիրները պետք է քննարկվեն, բացահայտվեն այն ապրանքները, որոնց մասով մենք պետք է գնանք բանակցությունների։ Երրորդ խումբը ոչ տարիֆային կարգավորման հետ կապված հարցերն է կարգավորելու։ Չորրրոդ խումբը տեխնիկական կարգավորման հետ կապված հարցերով է զբաղվելու. ՀՀ-ում և Մաքսային միությունում տեխնիկական կարգավորումը տարբերվում է։ Մյուս աշխատանքային խումբն էլ հարկային ու մաքսային հարցերով է զբաղվելու, վերլուծություն է կատարելու, բացահայելու է Հայաստանի եւ Մաքսային միության օրենսդրության կարգավորոմները: Մի խումբ էլ աշխատելու է միության ենթակառուցվածքների, մասնավորապես՝ մաքսային գործունեության հետ կապված ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ: Հայաստանն ու Մաքսային միության երկրները միասնական տեղեկատվական տարածքում են գտնվելու: Մեկ աշխատանքային խումբ էլ մրցակցության հետ է կապված հարցերն է քննարկելու։
Կարինե Մինասյանը հայտարարեց, որ Եվրամիության հետ վերջին զարգացումները ցույց են տվել, որ համագործակցությունը հնարավոր է շարունակել: «Դրա մասին ամենաբարձր մակարդակով արդեն հայտարարվել է»,- ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալը:
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր էլ հաստատեց բազմիցս հնչեցրած իր այն միտքը, համաձայն որի, Մաքսային միությանն անդամակցող ցանկացած պետություն իր ինքնիշխանության մի մասը փոխանցում է այդ միության վերազգային մարմնին: «Մաքսային միությունները ձեւավորվում են նրա համար, որ ավելի արդյունավետ կարողանան տնտեսությունները զարգացնել»,- ասաց փոխարտգործնախարարը։ Արձագանքելով հանրաքվե անցկացնելու խնդրին՝ նա կատեց՝ Հանրաքվե անցկացնելու հնարավորությունը որոշում է պետության ղեկավարը, Ազգային ժողովի մեծամասնությունը: «Ես անձամբ չեմ որոշում, կա սահմանադրություն, կա կարգ»,- եզրափակեց արտաքին գործերի նախարարի տեղակալը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի՝ Մաքային միությանն անդամացլեու վերաբերյալ որևէ հայտարարություն չհնչեցրեց: Փոխարենն ասաց, որ երեկ հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը։
«Մենք ԱՄՆ ՄԶԳ-ին խնդրել էինք, որպեսզի գյուղատնտեսության միասնական ռեգիստրի ձևավորման համար մեզ ֆինանսական օժանդակություն տրամադրվի: Հիշո՞ւմ եք, որ մենք հաստատեցինք այդ ծրագիրը: Սա բավականին մեծածավալ ֆինանսական ներդրում պահանջող ծրագիր է՝ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար,։ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ Միացյալ Նահանգների կառավարությունը, արձագանքել էին մեր խնդրանքին և մեկ մլն դոլար են հատկացրել այս աշխատանքների իրականացման համար: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,- ասաց վարչապետը։