«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ. մեկնարկեց համահայկական համաժողովը


Սեպտեմբերի 19-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագիրը կրող հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համահայկական համաժողովը: Համաժողովի ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Սփյուռքում ձևավորված տարածաշրջանային հանձնախմբերի, հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների գործունեությունը, ՀՀ արտաքին քաղաքականության արդի խնդիրներ:
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ «Ժողովրդական դիվանագիտության հիմնախնդիրները» թեմայով քննարկում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների, միջազգային կազմակերպություններում խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների հետ: Այնուհետև քննարկումները շարունակվեցին ՀՀ պաշտպանության նախարարությունում, ուր նախարար Սեյրան Օհանյանի և նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ քննարկվեցին ՀՀ պաշտպանությանը վերաբերող խնդիրներ:
Համաժողովն իր աշխատանքային առաջին օրն ամփոփեց ՀՀ սփյուռքի նախարարությունում Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման խնդիրների քննարկումով: Համաժողովն անցկացվում է սեպտեմբերի 19-21-ը Երևանում, որին մասնակցում են Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների շուրջ 50 ներկայացուցիչ Սփյուռքից, ՀՀ-ից և Արցախից: