Հասարակություն

Գենդերային հավասարության թեման շարունակում է հասարակական կրքեր բորբոքել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի դեմ հասարակական բողոքի ալիքը շարունակվում է։ Մայիսի 20-ին Ազգային ժողովի կողմից ընդունված  օրենքը հասարակական տարաբնույթ մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք է տվել: Մասնավորապես՝ «գենդեր, գենդերային», «գենդերային հարաբերություններ» հասկացությունների տարաբնույթ ընկալումն ու դրանց վերաբերյալ տրված մեկնաբանությունները հասարակության կողմից օրենքի քննադատության պատճառ են դարձել: Մասնավորապես՝ դրամատուրգ և  երգահան Քրիստ Մանարյանը համոզմունք հայտնեց, որ օրենքը մեծ վտանգ է ներկայացնում ազգի և հասարակության համար` զրկելով արմատներից։ Գենդերային հավասարության քայքայիչ քարոզը անթաքույց  ուղղորդվում է դրսի ուժերի կողմից, հայտարարեց Մանարյան։

Գենդերային հավասարության շահարկումները մեծ թափ են ստացել Արևմուտքից և այսօր վտանգ են ներկայացնում ամբողջ աշխարհի համար, իր մտահոգությունը հայտնեց հրապարակախոս , գրող Լիա Ավետիսյանը։ Գենդերի առաջխաղացմանը նպաստում են օտարերկրյա խոշոռ ֆինանսական դոնորների ակտիվ մասնակցությունը: Ըստ տիկին Ավետիսյանի՝ նվիրատուների թվում է և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը։

Համահայկական ծնողական կոմիտեի համակարգող Արման Բոշյանն իր հերթին կոշտ քննադատեց որոշ տեղական հասարակական կազմակերպությունների  կողմից ցուցաբերվող գենդերամոլությունը: Բանախոսին մասնավորապես մտահոգել է այսպես կոչված գենդերային ինքնության քարոզը, երբ կենսաբանական սեռը այս կամ այն ձևաչափով կարող է վերանայվել անհատի կողմից։ Բարոյականությունը խաթարվում է գենդերային նման հավասարության քարոզով, ուստի օրենքը հակասահմանադրական է և պետք է ճանաչվի ուժը կորցրած, կարծում է Համահայկական ծնողական կոմիտեի համակարգողը։

Պետական մակարդակով վարվող ոչ հեռատես օրենսդրական քաղաքականության շնորհիվ մեր երկրին կարող է սպառնալ «երկնագույն» հեղափոխություն, ցավով արձանագրեցին բանախոսները։

ԱԺ օրակարգում հայտնվել է օրենքի փոփոխության նախագիծը, ըստ որի «գենդերային հարաբերություններ» բառերը առաջարկվում է փոխարինել «կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքները եւ հավասար հնարավորությունները» բառերով: Այսպիսով՝ փորձ է արվում  դուրս մղել օրենդրությունից գենդերային վիճահարույց հասկացողությունները։

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button