Արմավիրում սկսվել է այգեկութը (ֆոտոշարք)


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Արմավիրի մարզի խաղողի այգիներում սկսվել է բերքահավաքը: Մարզում մշակվում են խաղողի տեխնիկական և սեղանի սորտեր, որոնք այժմ իրացման տարբեր ճանապարհներ ունեն, մթերվում են վերամշակող ձեռնարկություններում, վաճառվում են շուկայում և արտահանվում են: Սեղանի սորտերի հետ մեկտեղ այս տարի մարզից արտահանվում է նաև ռկածիթելի տեխնիկական սորտը, որից կոնյակ են պատրաստում։
Վերջին տարիներին խաղողի նոր այգիներ են հիմնվել հատկապես անմշակ, նախկին պետական պահուստային ֆոնդի հողերում, որոնք աճուրդի արդյունքում այժմ ունեն իրենց սեփականատերերը: Նորատունկ այգիների մեծ մասը գինու և կոնյակի հումք հանդիսացող խաղողի տեխնիկական սորտեր են: Նախորդ տարվա տվյալներով՝ Արմավիրի մարզում խաղողի այգիները զբաղեցնում են 7033 հա, որից բերքատու է 5867,9 հա: Խաղողի այգիները հատկապես շատ են Արմավիրի տարածքի գյուղերում, մշակությունն ավելի աշխատատար և դժվար գործ է, պահանջում է շատ ներդրումներ:
Խանջյան գյուղում այժմ համատարած խաղողաքաղ է, այգիներում մեծամասամբ խաղողի տեխնիակական սորտեր են: Աստղիկ Բաղդասարյանը իրենց պատկանող 7000 քմ խաղողի այգում մշակում ռկածիթելի , գառան դմակ, կարմրահյութ խաղողի սորտերը:
Այգետերն իրենց խաղողը գրեթե ամբողջությամբ 1 կգ 145 դրամով վաճառում է Երևանի կոնյակի գործարանին: Այս տարի խաղողի այգիներից նա ստացել է 15 տոննա բերք, նախորդ տարվա համեմատությամբ 3 տոննայով ավելի: Այգեկութին մասնակցում էին 30 մարդ, որից 25-ը ` վարձու աշխատողներ՝ 5000 դրամ օրավարձով: