

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 17-ին Մոսկվայում Նորին Սրբության հանդիսապետությամբ օծվեց Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի նորակառույց առաջնորդանիստ եկեղեցին և կատարվեց եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Գրականագետ Վարդան Դևրիկյանի կարծիքով` Մոսկվայում կառուցված եկեղեցին մեծ հաղթանակ էր մեր կյանքում, քանի որ հայկական ներկայության տեսանելի արտահայտությունը դարձավ Մոսկվայում: Ըստ նրա`առաջնորդանիստ եկեղեցին կենդանի կապ կարող է դառնալ հայ կյանքի հետ։
Ելնելով Սփյուռքի այսօրվա իրականությունից` Դևրիկյանի համար ուրախալի է, որ 21-րդ դարում մենք մեր անկախությունն արտահայտում ենք եկեղեցաշինությամբ: Անկախության տոնին ընդառաջ Մոսկվայում օծված առաջնորդանիստ եկեղեցին, գրականագետի խոսքով, հայության համախմբումն էր և հիշեցնում է, որ օծումը կատարվել է առաքելական եկեղեցու տաղավար տոներից` Սուրբ Խաչի տոնի Մեռելոցի հաջորդ օրը:
Պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը եկեղեցաշինությունը լավ գործ է համարում, սակայն կարծում է, որ գումարները պետք է ներդնել Հայաստանում և պետական հարաբերությունները կարգավորել մեր երկրի ներսում։ «Յուրաքանչյուր հայ, հայաստանցի պետք է զգա իրեն այս երկրի տերը։ Երբ մարդ իրեն զգում է երկրի տերը, նա այդ երկիրը չի լքում»,- ասում է։
Բաբայանի կարծիքով՝ չի կարելի թողնել այն, ինչ պատկանում է քեզ և չի մեղադրում այն մարդկանց, ովքեր ժամանակավորապես գնում են Ռուսաստան աշխատելու, սակայն չեն վերադառնում, քանի որ, նրա ձևակերպմամբ, մենք չենք ստեղծում պետություն, և այս պարագայում, ըստ Բաբայանի, տարբերությունը որն է, թե որտեղ ես ապրում:
Անդրադառնալով անկախության տոնին` Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի ձևակերպմամբ՝ այդպես էլ մենք չենք հավատում մեր անկախությանը և դա մեզ համար տոն չէ, քանի որ 20 տարվա ընթացքում չստեղծեցինք այն, ինչը պետությունը դարձնում է պետություն։ «Ես այստեղ ինձ եմ ամենաշատը մեղադրում, որովհետև մենք չունենք սերուցք: Ոչ մի ժողովրդի մեջ անկախության գաղափարը ի սկզբանե սերմացված չի, դրա համար կա սերուցք, կա մտավորական, որն այդ գաղափարը տանում է առաջ»։
Վարդան Դևրիկյանը չկիսեց պրոֆեսորի կարծիքը` ասելով, որ մեր ազգային կյանքում ամենավտանգավոր բանը դա պատմության գռեհիկ եւ պարզունակ ընկալումն է, եւ անկեղծացավ, որ իր լավագույն տարիները նվիրել է անկախությանը և հարկ եղած դեպքում նույնը կկրկնի։
Անկախության տոնի նախօրեին քաղաքացիական մի խումբ ակտիվիստներն էլ հայտարարեցին, որ սեպտեմբերի 21- ին կանցկացնեն «Անկախության երթ»՝ ի նշան Մաքսային միության անդամակցության դեմ բողոքի։ Նախաձեռնության խմբի անդամ Կարեն Թովմասյանը նշեց, որ կազմակերպիչները քաղաքական որևէ ուժ չեն ներկայացնում, սակայն միավորելու են տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիների: Ըստ նրա` իրենց նախաձեռնությանը ֆեյսբուքով միացել է 1000 մարդ: Անկախության երթը կմեկնարկի սեպտեմբերի 21-ին ժամը 16-ին, Ազատության հրապարակից: