ԿարևորՀասարակություն

Պայքար փողոցային բարքերը բանակ տեղափոխվելու դեմ. Սեյրան Օհանյանը՝ ԵՊՀ- ում

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Բանակի մարտական ոգու  կարևորագույն բաղադրիչը նորմալ մարդկային հարբերություններն են և այսօր ԶՈւ ղեկավարությունը շեշտը դնում է հենց այդ հարաբերությունների բարձր մակարդակի ապահովման վրա։ Այն   հնարավոր է իրականացնել միայն կրթական ոլորտի հետ սերտ համագործակցությամբ, այսօր ԵՊՀ- ում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Մայր բուհի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ պաշտպանության նախարարի հանդիպումն առաջինը չէր, ուստի հայոց բանակի կազմավորման ու անցած ճանապարհի վերաբերյալ նախարար Օհանյանի մեկնաբանություններն այսօր  չափազանց հակիրճ էին : Նախարարը պարզապես մեկ անգամ ևս վերահաստատեց. «Տարիներ առաջ Հայատանը կարողացավ պատվով հանձնել իրեն առաջադրված քննությունը Լեռնային Ղարաբաղում, պատվով դուրս գալ  պարտադրված պատերազմից, իսկ այսօր հայկական բանակը պատշաճորեն իրականացնում է հայկական զույգ պետությունների սահմանների անվտանգության պահպանման խնդիրը։

Ամենօրյա աշխատանքի արդյունքում բանակում տարեցտարի բարելավվում են  դաստիարակչական աշխատանքները, բայց սա այն ոլորտն է, որտեղ աշխատանք միշտ էլ կա: Սեյրան Օհանյանի խոսքով՝  բացառապես տղամարդկանցով համալրված զինված ուժերում կոնֆլիկտներն անխուսափելի են: Դրանց պատշաճ հանգուցալուծման առումով նա կարևորում է հրամանատարների դերը, որոնց մանկավարժական գիտելիքներն ու մարդկային որակները, թերևս, կարևորագույնն են:

Պատահարների, բանակում գրանցված տհաճ միջադեպերի ու կորուստների վիճակագրության տեսանկյունից, ըստ Սեյրան Օհանյանի լավագույնը 2011-ի ցուցանիշներն են, որոնք պահպանվել են նաև 2012-ին, իսկ 2013-ին պատահարների թիվը 30 տոկոսով կրճատվել է։

Բանակի մարտական ոգու կարևորագույն բաղադրիչը, ըստ նախարարի, նորմալ մարդկային հարաբերություններն են և այսօր ԶՈւ ղեկավարությունը շեշտը դնում է հենց այդ հարաբերությունների բարձր մակարդակի ապահովման վրա: Գործընթաց, որը հնարավոր է իրականացնել միայն ու միայն կրթական ոլորտի հետ սերտ համագործակցությամբ։«Կուզեի, որ  միասնական մարտահրավեր նետեինք  փողոցային բարքերին, որոնք քաղաքացիական կյանքից հաճախ տեղափոխվում են նաև բանակ»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button