ԿարևորՏնտեսական

Հայ- ռուսական հերթական գործարար համաժողովը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Մեկ շաբաթվա ընթացքում արդեն  երկրորդ անգամ են հայ և ռուս գործարարները հանդիպում, միմյանց հետ քննարկում հետագա համագործակցության եզրերը: Այսօրվա հանդիպումը կայացավ Մոսկվայի քաղաքապետարանի հովանավորությամբ: Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Կարեն Մարտիրոսյանը վստահեցնում է, որ  համաժողովին երկու ամիս առաջ են նախապատրաստվել, ուստի այն կայանալու էր՝ անկախ  ՀՀ նախագահի՝ սեպտեմբերի 3- ին Մոսկվայում հնչեցրած՝  «Հայաստանը պատրաստակամ է Մաքսային միությանն անդամակցելու»  հայտարարությանը։ Զրուցակիցս կարևորում է նմանատիպ համաժողովների  կազմակերպումը, որոնց մասնակիցները հիմնականում փոքր եւ միջին ձեռնրակատերեր են, «որ գուցե դժվարություններ կունենային իրենք կազմակերպելու իրենց այցը, գտնել գործընկերներ։ Մոտավորապես 100 –ից ավելի հայկական ընկերություններ կգան, կբանակցեն ու գուցե ինչ-որ եզրեր գտնեն միասին աշխատելու համար»։

Վերջին տարիներին Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը կայուն աճ է գրանցել ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման մեջ՝ կազմելով ընդհանուր շրջանառության 26 տոկոսը: 2013 թ ՀՀ-ից ՌԴ արտահանումներն աճել են 119 տոկոսով, ներմուծումը՝ ընդհակառակը նվազել է ՝ կազմելով 2012թ նույն ժամանակահատվածի 95 տոկոսը:

Ռուսաստանի ընդհանւր ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ անցնում է 3 միլիարդ դոլարը՝ կազմելով արտասահմանյան ներդրումների ավելի քան 60 տոկոսը: Հայաստանում գործում է  հայ-ռուսական համատեղ շուրջ 1600 ձեռնարկություն: Հերթական համաժողովը նոր գործընկերներ գտնելու լավագույն  միջոցն է:

Նմանատիպ հանդիպումները կարևորում է  նաև Մոսկվայի քաղաքապետարանի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության վարչության պետի տեղակալ Դմիտրի Կնյազևը: Վերջնիս դիտարկմամբ՝ բիզնեսում մեծ ու փոքր շուկաներ չկան, կան  բիզնեսի համար գրավիչ և ոչ գրավիչ շուկաներ։

«Մեզ համար կարևոր է, որ այն, ինչ արտադրվում է  Մոսկվայում, լայն տարածում գտնի։ Այդ նպատակով էլ մենք հիսուն քաղաքներում նմանատիպ միջոցառումներ ենք նախաձեռնել: Հույս ունենք, որ այստեղ՝ Երևանում, նրանք գործընկերներ կգտնեն»։

Ցուցադրել ավելի
Back to top button