Հասարակություն

Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման տեմպերը դրական են. քննարկում ՄԱԿ-ի գրասենյակում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/180913MAK.mp3
Այսօր քաղաքացիական հասարակության օրն է: Օրը Հայաստանում նշվում է 2009 թվականից։ 
Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ ու ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները եւս մեկ անգամ հնարավորություն ունեին այսօր լսելու եւ խոսելու քաղաքացիական հասարակության ձեռքբերումների եւ մարտահրավերների մասին: 

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Մարիա Դոցենկոն մեզ հետ զրույցում շեշտեց, թե իրենք ողջունում են նման քննարկումները: «Առաջին անգամ մենք քննարկելու ենք, թե ինչպես կարող է բիզնեսը օժանդակել քաղաքացիական հասարակության զարգացմանը եւ թե ինչպիսի օգտակարություն այն կունենա Հայաստանի ընդհանուր ժողովրդավարության զարգացման համար»,- ասաց։

Մարիա Դոցենկոյի խոսքով` ՄԱԿ-ը շատ է համագործակցում թե բիզնես ոլորտի, թե քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ: Նրա գնահատմամբ՝ եռակողմ համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ յուրաքանչյուրը կզգա իր պատասխանատվությունը եւ այն արդյունքը, որ կարող է լինել` դրականորեն ազդելով ոչ միայն Հայաստանի ժողովրդավարության զարգացման, այլ նաեւ` տարբեր ոլորտներում դրական բարեփոխումների ու Հայաստանի բնակչության բարօրության բարձրացման վրա։

«Քննարկումը կարող է թափ հաղորդել Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ բիսնես հաստատությունների միջեւ համագործակցության զարգացմանը»,-կարծիք հայտնեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը։

Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի ներկայացուցիչ Արմեն Ղալումյանի դիտարկմամբ` հայաստանյան քաղաքացիական հասարակության գործունեության եւ բիզնես կապի առումով կան բացեր եւ անհրաժեշտ է առաջին քայլերն անել այդ բացերը լրացնելու ուղղությամբ։ Արմեն Ղալումյանի գնահատմամբ` Հայաստանում քաղաքացիական հասարակության զարգացման տեմպերը դրական են: Այդուհանդերձ, նրա ձեւակերպմամբ, կա ցանկություն, որ զարգացման տեմպերն առավել արագ լինեն: Այդ առումով, Քաղաքացիական զարգացման եւ ամագործակցության հիմնադրամի ղեկավարի համոզմամբ, էական նշանակություն ունի հասարակության հետաքրքրվածությունն ու ակտիվությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button