Հասարակություն

Ի՞նչպիսի ջուր է հոսում մեր ծորակներից

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Այսօր Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օրն է, ինչն էլ առիթ է մեկ անգամ եւս տեղեկանալ, թե ինչ որակի ջուր է հոսում մեր ծորակներից։ 

«Երևանջուր» ընկերությունը  որդեգրել է քաղաքականություն`  ջուր սպառել 9 լեռնային աղբյուրներից` հրաժարվելով Արարտյան դաշտի արտեզյան ջրից: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանի խոսքով` վերջին 3 տարիներին  Արարատյան դաշտի արտեզյան ջրերն օգտագործվում են սեզոնային` հուլիսից մինչև սեպտեմբեր։ Այնուամենայնիվ՝ Սարգսյանը հուսով է, որ  հնարավոր է  բաշխիչ ցանցի կարգավորման շնորհիվ ապագայում ընդհարապես հրաժարվել արտեզյան ջրից։

«Երևանջուր» ընկերության լաբորատորիան ամեն օր ջրի որակի հսկողություն է իրականացնում 27 ջրամբարներում, որտեղ ջուր է լցվում քաղաքի բոլոր աղբյուրներից:  Լաբորատորիայի բաժնի պետ Սոֆյա Ասատրյանը տեղեկացրեց, որ  ջրի քլորացումը կատարվում է Երևանից դուրս։

Թեև մենք շատ ենք գովերգում, որ մեր ջուրը համային հատկանիշներով ամենահամեղն է, այնուամենայնիվ,  գաղտնիք չէ, որ հաճախ քլորահոտը թույլ չի տալիս վայելել այդ հատկանիշները։ Գերքլորացումը հերքեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ  ջրի որակի վարչության պետ Մինաս Մելոյանը`  ավելացնելով, որ լաբորատորիան  ժամը մեկ որոշում է մնացորդային քլորի պարունակությունը և շեղումներ լինելու դեպքում կամ իջեցնում է  քլորի դոզան, կամ՝ բարձրացնում: Իսկ «Երևանջուր» ընկերության հասարակայնության հետ կապերի  պատասխանատու Մուրադ Սարգսյանն էլ նշեց, որ ջրից պետք է քլորի համ գա, որպեսզի իմանաս, որ մաքուր, անվտանգ  ջուր ես խմում։ «Եթե քլորի համ չգա, եթե քլոր չլինի մեջը, դա վտանգավոր է, կնշանակի՝ ամոնյակ կա»,- ասաց։

Ցուցադրել ավելի
Back to top button