ԿարևորՔաղաքական

Առկա՞ է արդյոք սիրիական պատերազմի միջազգայնացման վտանգը. Մոսկվա- Թբիլիսի-Երեւան քննարկումը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմը դեռևս հեռու է խաղաղ կարգավորումից և հետագա բախումները անկանխատեսելի են, և այս ճգնաժամի միջազգայնացման պարագայում կհետևեն աղետալի հետևանքներ: Սա հայ, վրացի և ռուս փորձագետների եզրահանգումն է, որ հնչել է Երևան-Մոսկվա-Թբիլիսի այսօր կայացաց տեսակամրջի ընթացքում: 

Թեպետ Ռուսաստանը և ԱՄՆ-ը հասան համաձայնության Սիրիայի քիմիական զենքի վերահսկողության հարցում, այնուամենայնիվ՝ իրավիճակը մերձավորարևելյան այս երկրում մնում է շատ բարդ: ԱՄՆ կողմից հարձակման սպառնալիքը վերացված չէ, իսկ դա նշանակում է, որ առճակատումը կարող է ընդլայնվել և ավելի խորանալ՝ ներգրավելով նոր երկրների։

Երևան-Մոսկվա-Թբիլիսի տեսակամրջին մասնակցող Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը չի բացառում, որ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմը կարող է նոր լիցք ստանալ` դրսի ուժերի լայնածավալ ռազմական ներգրավվման տեսքով։ «Իրավիճակը Սիրիայում, այնուամենայնիվ, հեռու է կարգավորումից անկախ քիմիական զենքի վերահսկողության ի հայտ եկած ծրագրի առկայությունից: Կարծում եմ, որ արտաքին հարձակման սպառնալիքի իրական վտանգը կա»,- ասում է նա։

Սաֆրաստյանը նշեց, որ այդ սպառնալիքի հիմնական աղբյուրը Թուրքիան է, որն անթաքույց աջակցում և ուղղորդում է  հակաասադյան ընդդիմադիր քաղաքական և զինված խմբավորումներին ողջ ճգնաժամի ընթացքում: Այդ երկիրը երկու անգամ արդեն գտնվում էր Սիրիայի դեմ հարձակման շեմին, սակայն թուրք գեներալիտետի սթափ դիրքորոշման շոնրհիվ երկրի իշխանությունների ծրագրերը անկատար մնացին ցայսօր, նշում է արեւելագետը։ Իսկ կարճատև հաղթական պատերազմը բխում է Թուրքիայի ներկայիս վարչախմբի շահերից` հատկապես վերջին հակակառավարական ելույթներից հետո խարխլված քաղաքական դիրքերը վերականգնելու դիտանկյունից։

«Թուրքական ներխուժման պարագայում առաջին հերթին որպես թիրախ կընտրվի Հալեպը, որը համարվում է հայկական Սփյուռքի հիմնական կենտրոններից: Թուրքիան շահագրգռված է այն վերացնել»,- ասում է հայ մասնագետը։

Ըստ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի «Մերձավոր Արևելք–Կովկաս» ռուսաստանյան հետազոտական կենտրոնի տնօրեն Ստանիսլավ Տարասովի՝ սիրիական ճգնաժամը և «արաբական գարունը» օժտված են հզոր քայքայող ներուժով: Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի շատ երկրներում առկա է ապակայունացման շարունակական գործընթաց։ «Մենք տեսնում ենք փլուզման շղթայական ռեակցիա: Չկա նախկին Եգիպտոսը, Լիբիան, Իրաքը: Վտանգը առկա է Սիրայում: Մեր աչքերի առջեւ տեղի է ունենում Թուրքիայի աշխարհաքաղաքական քայքայումը»։

Ռուս փորձագետը չբացառեց, որ ապակայունացման ալիքը կարող է հասնել  Հարավային Կովկասի երկրներ, որտեղ առկա են սեփական էթնիկ կոնֆլիկտները: Արդյունքում՝ այդ կոնֆլիկտները կարող են նոր թափ առնել և վտանգել արդեն Ռուսաստանի շահերը։

Վրացի արևելագետ Քոթե Ժգենտին ուշի ուշով հետևում է սիրիական զարգացումներին: Նա կասկած հայտնեց, որ քիմիական զենքի վերահսկողության ծրագիրը ի կատար կածվի: Մյուս կողմից՝ նա քիչ հավանական համարեց դրսի միջամտությամբ  անկանխատեսելի լայնածավալ պատերազմի հավանականությունը։ «Նույնիսկ ամենաբացասական սցենարի պարագայում ես քիչ հավանական եմ համարում ճգնաժամի միջազգայնացումը Իրանի և այլ երկրների մասնակցությամբ: Կարծում եմ, որ դիվանագիտական լուծման հնարավորությունները դեռևս սպառված չեն»։

Այնուամենայնիվ՝ երեք երկրների փորձագետները միակարծիք են՝ սիրիական պատերազմը միանշանակ խաթարում է կովկասյան տարածաշրջանի կայունությունը` ի դեմս Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման:

Ցուցադրել ավելի
Back to top button