Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյան. Հայաստանը գնում է մի ուղղությամբ, որը հեռանկար չի խոստանում

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
Երկրի պետականությունը, ազատությունը եւ անկախությունը վտանգի տակ են: Արտակարգ դրության մեջ ենք ապրում եւ պետք է լուծումներ գտնենք, քանի դեռ ուշ չէ, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի փոխանցմամբ` ամռան ամիսներին Հայաստանի տարբեր մարզերում շատ ու շատ քաղաքացիների հետ է հանդիպել եւ եզրակացրել, որ բոլորը համակարծիք են, որ այսպես շարունակել չի կարելի:

Եւս մեկ անգամ բարձրաձայնելով իր տեսակետը գործող իշխանությունների վերաբերյալ` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե` ներքին եւ արտաքին ճակատում իրականացվող քայլերը հակասում են ազգային, պետական շահերին: Ընդդիմադիր գործիչն ասաց, թե իրեն քիչ է հետաքրքրում Արեւմուտք, թե Արեւելք երկընտրանքի հարցը, հավելեց, թե Հայաստանը պետք է վերագտնի իր ինքնիշխանությունն ու ինքնությունը, իր սահմանադրական կարգը, որից հետո միայն կարող ենք որոշել, թե որը որից հետո է: Հովհաննիսյանը նկատեց, թե Եվրոպայի հետ ասոցացման պայմանագրի դրույթները հայտնի չէին եւ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես էր այն անդրադառնալու ոչ միայն Հայաստանի տնտեսական հեռանկարի, այլ նաեւ` ազգային շահի` ԼՂ անվտանգության եւ այլնի վրա։

«Ես կարծում եմ, որ Հայաստանը ստիպված գնում է մի ուղղությամբ, որը հեռանկար չի խոստանում Հայաստանին»,- հավելեց ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը: Նա կարծիք հայտնեց նաեւ, որ ընդհանուր առմամբ, եվրոպական ուղղությունն է իր հեռանկարով ավելի համապատասխանում Հայաստանի ինքնությանն ու էությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի ձեւակերպմամբ` ժողովրդավարական Հայաստանն ու ժողովրդավարական Ռուսաստանը կարող են լինել ամենալավ գործընկերները, սակայն, ըստ նրա, ներկայումս զուգահեռներ կան Խորհրդային Միության հետ, որը վերականգնման նախաշեմին է եւ այն չի համապատասխանում ոչ Հայաստանի, ոչ էլ Ռուսաստանի շահերին։

Նա պատկերավորելով իր խոսքը եզրահանգեց, թե վերջին այս որոշումը թունավոր ծառի թունավոր արգասիքի խնդիր է, եւ այն ավելացրել է իշխանությունների դեմ իրենց պայքարի օրակարգը։

Back to top button