ԿարևորՏնտեսական

Ռուսական շուկան կնոջ նման է՝ չգիտեմ ինչ կլինի, ասում է գինեգործը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Մաքսային միությո՞ւն, թե՞ Ասոցացման համաձայանգիր. քանի որ երկուսի դեպքում էլ մանրամասներ չեն հարղորդվում,  ուստի տնտեսության տարբեր ճյուղերին մոտ կանգնած   մասնագետները հարյուր տոկոս ճշտությամբ որևէ բան չեն կարողանում ասել: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի աչքի առաջ Վրաստանի օրինակն է:  Վրաստանը մինչ Ռուսաստանի հետ  հարաբերությունների խզումը 55 մլն շիշ գին էր  արտահանում, որից 15-20 մլն շիշն էր բարձրորակ: Հետո արդեն,  երբ վրացական գինին    ռուսական շուկայից զրկվեց, վրացական գինու  որակը կտրուկ բարձրացավ ու տեղ զբաղեցրեց եվրոպական շուկայում:

Հիմա վրացական գինու շուկայում տարօրինակ բան է կատարվում,  նկատում է Ավագ Հարությունյանը՝  Վրաստանում երկմտում են՝  շարունակե՞լ Եվրոպայի հետ համագործակցությունը, թե՞ ոչ։ Ռուսական շուկայում այսօր բում է, մեծացել է վրացական գինու պահանջարկը։ Գինեգործը նաև նկատում է՝  «նորից տեսնում ենք, որ արագության պարագայում որակը պահելը շատ դժվար  կլինի»։ Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ռուսական շուկան պատկերավոր է նկարագրում. «Ռուսական շուկան   գեղեցիկ կնոջ նման է, նայում ես, բայց  չգիտես, ինչ կլինի»։

Հայկական  խաղողի 95 տոկոսն օգտագործվում է կոնյակագործության մեջ, իսկ  հայկական կոնյակի  90 տոկոսն իրացվում է նույն այդ Մաքսային միության երկրներում։ «Մենք մտնում ենք խաղի մեջ կոնյակի մասով՝ Հայաստան ԵՄ, որի կանոնները թելադրում է  երրորդ կողմը, պաշտոնական տվյալ չի, այնքանով, որքանով ես այդ ինֆորմացիան ունեմ, ասոցացման համաձայանգրով մեզ թույլատրվել էր այս տարվանից սկսած տասը տարի օգտագործել Հայաստանի շուկայում «կոնյակ»  բառը: Հիմա դրա մասին մոռանանք, ռուսական շուկայում «կոնյակ» բառի  օգտագործման իրավունքը վերապահված է Ֆրանսիա-Ռուսաստան հարաբերություններին։ Այսինքն՝ ամեն  վայրկյան նրանք կարող են գալ ընդհանուր հայտարարի, և այս պարագայում Մաքսային միությունում մեր լինել-չլինելու հարցը պատկերացնո՞ւմ եք արդեն, ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- ասում է նա։

Եթե Հայաստանը Մաքսային միությունում չլինի, ապա հայկական կոնյակը որևէ մեկին պետք չի լինի այն ծավալով, որով արտադրվում է, համոզված է Ավագ Հարությունյանը, ով  արձանագրում է, որ    կոնյակի մասով ամեն ինչ հստակ է:  Խնդիրն ավելի բարդ է գինեգործության համար: Գինեգործը չի բացառում, որ  ռուսական  շուկայում հայկական գինիները հաստատուն աճ գրանցեն, միաժամանակ՝ չի բացառվում, որ  եվրոպական որակի պարտադրանքից շեղվենք: Ավելի պարզ՝   կորցնենք հայկական գինու որակը։

«Մաքսային միության շուկայում վաճառվող կոնյակների 85 տոկոսը երեք-չորս տարեկան կոնյակներ են, որից, ինչքան ինձ հայտնի է, շահութաբերությունը կազմում է լավագույն դեպքում մեկ շշից երկուսից երեք դոլար, իսկ եվրոպական արժեհամակարգին դավանելու պարագայում մեր արտահանվող գինիներից կունենաք ավելի շատ եկամուտ՝ ռեալ  կարող ենք վաճառել 15-20 դոլարով մեկ շիշն այն դեպքում, երբ մեզ մոտ  ինքնարժեքը 2-2,5 դոլարից չի անցնում։

Հայաստանն այժմ գինու արտահանմամբ գրավում է  եվրոպական շուկայի 35 տոկոսը, մինչդեռ ռուսական կամ Մաքսային միության շուկա արտահավում է մոտավորապես մեկ միլիոն շիշ:  Հայաստանի պոտենցիալը մոտավորապես երեքից չորս միլիոն շիշ է, ու Ավագ Հարությունյանի համոզմամբ, եթե  հայկական գինու  որակը բարձրանա՝ երեքից չորս միլիոն շիշ գինին եվրոպական շուկայում վաճառելը խնդիր չի առաջացնի: Հայաստանի գինեգործների միության նախագահը արձանագրում է՝  Հայկական գինեգործությունն  ավելի արագ է  մտնում եվրոպական արժեքային համակարգ, քան ենթադրում էին։ Ավագ Հարությունյանն առաջարկում է  նաև չմոռանալ  հայկական Սփյուռքի մասին. «Մենք ունենք մեկ միլիոն հայ ընտանիք, որը մեծ ուրախությամբ հայկական գինուն կվերադառնա»,- համոզված է գինգործը։

Նշենք նաև, որ  Հայաստանը կոնյակ գրեթե չի ներմուծում, փոխարենը՝ ֆրանսիայից, Չիլիից, Արգենտիանյից,  Իտալիայից գինի է ներկրում։ «Գինիներ ներմուծում ենք, որովհետև այդ գնային  սեգմենտում իրենց որակն ավելի բարձր է, քան՝ մեր որակը: Երկուսից երեք եվրո արժողությամբ վաճառքի գնային սեգմենտում մենք կարողանում ենք ներմուծել շատ բարձր որակի գինի»,- ասում է։

Ցուցադրել ավելի
Back to top button