ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը «ծանր սրտով» է ներկայացրել տեսուչների զեկույցը


ՄԱԿ-ում հաստատում են, որ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել: ՄԱԿ-ի տեսուչների զեկույցում ասվում է, որ անցած ամսին Դամասկոսի Գուտա շրջանի վրա գրոհի ժամանակ զարին գազ է օգտագործվել: Սակայն չի նշվում, թե կողմերից որ մեկն է կիրառել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը անվանել է կատարվածը «ռազմական հանցագործություն»: Նա տեսուչների զեկույցը ներկայացրել է Անվտանգության խորհրդին, այնուհետև հանդես եկել լրագրողների առջև՝ խոստովանելով, որ փաստաթուղթը ներկայացրել է «ծանր սրտով»: Պան Կի Մունն ասել է, որ մահացածներից վերցված արյան նմուշների 85 տոկոսի ուսումնասիրությունից պարզվել է, որ մարդիկ թունավորվել են զարինից: Իսկ պարզել, թե ով է մեղավոր Գուտայի վրա հարձակման համար, ՄԱԿ-ի տեսուչների առջև խնդիր չի դրվել:
Սպասվում է, որ Անվտանգության խորհուրդը մոտ օրերս կներկայացնի Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ բանաձևի նախագիծ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ այն պետք է լինի «գործուն, հաշվետու, թափանցիկ և ժամանակին արված»: Նրա խոսքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամները, այդ թվում նաև Ռուսաստանը, համաձայն են, որ ռազմական ներխուժում Սիրիա կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե «դիրավանագիտությունն անհաջողության մատնվի»:
Հայաստանը պաշտպանում է Քերի- Լավրով պայմանավորվածությունները
«Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն»,- նախօրեին հայտարարել էր ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։