ՀՅԴ- ն առաջարկում է արտագաղթի դեմ պայքարի ծրագիր


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/170913HYD.mp3
«Երկրում ստեղծվել է մի վիճակ, երբ չկարողանալով ինքնադրսևորվել շատերը, իրենց ու սերունդների ապագայի անորոշությունից դրդված, լքում են հայրենիքը»,-ասում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու արտագաղթի այսօրվա պատկերը համեմատում արյունահոսության հետ: Այն դադարեցնելու նպատակով Դաշնակցությունն առաջարկում է 10 կետից բաղկացած ծրագիր։
Որպես առաջնահերթություն ընդգծվում է նախ կադրային քաղաքականությունը: Ծրագիրն առաջարկում է բիզնեսի ու քաղաքականության տարանջատում: «Պետք է վարել անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության ու փորձառության վրա հիմնված կադրային քաղաքականություն: Պաշտոնատար անձը պետք է գործի թափանցիկ և հաշվետու լինի հանրությանը: Քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներին քաղաքական ու կառավարման համակարգում ինքնադրսևորման լայն հնարավորություն պետք է տալ: Առաջարկվում է ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ: Հարկային ու մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող, վերանայել տուրքի, տուգանքի, պարտադիր այլ վճարի անվան տակ հօգուտ մասնավորի դրամ կորզելու գործելաոճը: Կրթությունը դարձնել որակյալ և մատչելի, կրթական համակարգի ղեկավարումը ապակուսակցականացնել»,- ներկայացնում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն, ով ծրագրի առանցքային հեղինակներից մեկն է։
Դաշնացության ծրագիրն առաջարկում է ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ, վերացնել անպատժելիությունը, բացառել գերակա հնարային շահի և այլ հիմնավորումներով սեփականության իրավունքից զրկելը, ապահովել յուրաքանչյուր քաղաքացու բնակտարածք ունենալու իրավունքի իրացումը։
Առաջարկվում է մինչև յոթ տարեկան երեխաների ամենամսյա նպաստի համակարգ ` ներկայում գործող «Փարոս» համակարգի փոխարեն: Արծվիկ Մինասյանի պնդմամբ՝ սա հնարավորություն կտա խուսափել չարաշահումներից ու կդառնա իրական օժանդակության ծրագիր: Առաջարկվում է դիմագրավել հակահայկական քարոզչությանը, որն իրականացվում է ոչ միայն դրսում, այլ, ցավոք, նաև ներսում։
«Իշխանությանն ուղղված քննադատությունը պետք տարբերվի պետության ուղղված քննադատությունից»,- ասում է Արծվիկ Մինասյանը, հակառակ դեպքում «երկիրը երկիր չէ» տրամաբանությամբ ձևակերպումները բերում են նրան, որ երկիրը դատարկվում է։