Խստացվելու են սեռական, հատկապես անչափահասների նկատմամբ, հանցագործությունների պատիժները


Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Ազգային ժողովը սեպտեմբերի 9-ին գրեթե միաձայն , ձայների 113 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունել է Քրեական օրենսգրքում փոփոխություններ առաջարկող նախագիծը, որով խստացվում են սեռական բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակաները: Առավել լուրջ փոփոխություններ են առաջարկվում հատկապես անչափահասների նկատմամբ նման հանցագործությունների պատիժները խստացնելու ուղղությամբ:
Սեռական բնույթի հանցագործությունների վիճակագրությունն ըստ տարիների հուսադրող չէ: 2011-ին նման բնույթի հանցագործության 71 դեպք է գրանցվել, 2012-ին՝ 105 , 2013-ի միայն առաջին կիսամյակը նման հանցագործությունների 59 դեպք արդեն արձանագրել է: Խնդրով զբաղվող մասնագետների առաջին մտահոգությունը սեռական բնույթի հանցագործությունների աճի միտումն է. երկրորդ մտահոգությունն այն է, որ այս հանցագործությունների մեծ մասը կատարվում է անչափահասների նկատմամբ։
«2012թ-ին սեռական հանցագործությունների մեծ մասը գրանցվել է Երևանում` 27 դեպք, երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 17 դեպքով, հետո Արմավիրի եւ Կոտայքի մարզերը՝ 14 –ական դեպքով»,- վիճակագրությունն է ներկայացնում ԵԱՀԿ փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը։
Մասնագետները կարծում են, որ այս բնույթի հանցագործությունների աճին նպաստում է նաև օրենսդրությունը. այն լուրջ բացեր ունի, թերի կանոնակարգումներ, իսկ շատ հաճախ՝ անհամաչափ ու մեղմ պատիժներ: Գործող օրենսգրքի համապատասխան բաժնում, օրինակ, կան սեռական բռնության այնպիսի հանցատեսակներ, որոնց դեպքում պատիժը դրամական տուգանքով է սահմանափակվում:
Կանանց ռեսուրսային կենտրոնը 2010թ.-ին, երբ Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում հանցագործության նման դեպք էր արձանագրվել, սկսել է մշակել Քրեական օրենսգրքի 18-րդ գլխի փոփոխությունների նախագիծը: Այն հետագայում լրամշակվել է և արդեն ընդունվել Ազգային ժողովի կողմից աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի ընթացքում:
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով, ըստ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի, լրացվում են ոչ միայն օրենսդրական բացերը կանոնակարգումների ու սահմանումների առումով , այլև խստացվում են սեռական բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատժատեսակաները հատկապես այն դեպքերում , երբ դրանք կատարվում են անչափահասների նկատմամբ։ «Մինչև 12 տարեկանների նկատմամբ կատարվող այս բնույթի ցանկացած հանցագործություն պատժվելու է ամենախիստ պատժաչափերով»,- ասում է։
Մասնավորապես՝ մինչև 12 տարեկանի նկատմամբ այդ հանցագործությունները պատժվելու են ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: Ավելի խիստ պատիժ է առաջարկվում սահմանել այն դեպքերի համար, երբ համապատասխան արարքը կատարվել է երեխայի նկատմամբ այն անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականությունը:
Նախագծով վերանայվում է նաև կամովին- ոչ կամովին տարանջատումը: Եթե գործող օրենսդրության մեջ այդ անցումը պատժի մեծ փոփոխություն է ենթադրում, ապա նոր նախագծով՝ տարբերությունը, ըստ Դավիթ Հարությունյանի, մեծ չի լինի։
Եվս մի հանգամանք. սեռական հանցագործությունների դեպքում թեև կա վիճակագրություն, որն աճի միտում է արձանագրում, բայց պետք է նկատի ունենալ, որ այն իրական պատկերը չի ներկայացնում։ «Սա լատենտային հանցագործություն է, որը թաքցնում են, որպեսզի այդ տեղեկատվությունը չբարձրաձայնվի»,- ասում էԴավիթ Թումասյանը։
Փոփոխությունների նախագծով փոփոխվում է նաև նման հանցագործություների վաղեմության ժամկետը: Ըստ նախագծում տեղ գտած ձևակերպման՝ անչափահաս տուժողի դեպքում հանցանք կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետի հաշվարկը սկսվում է տուժողի տասնութ տարին լրանալու պահից։