ԿարևորՀասարակություն

Բարձրացել է գիտական թեմաների որակը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ամփոփել է Գիտական և գիտատեխնիկական գործունեության 2013 թվականի մրցույթների արդյունքները: Ներկայացված 472 թեմաներից ֆինանսավորման են երաշխավորվել 159- ը, որոնցից 23-ը բողոքարկման փուլի արդյունքում:

Գիտական թեմաների մրցույթների ֆինանսավորման ծավալներն այս տարի ավելացել են: 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին գիտության բոլոր բնագավառներում պայմանագրային ֆինանսավորման նպատակով անցկացված մրցույթների արդյունքում  գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացման համար 2-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի տրամադրվեցին դրամաշնորհներ մինչև 2 տարի տևողությամբ: Գիտպետկոմի նախագահ Սամվել Հարությունյանն այսօր ներկայացնելով մրցույթի արդյունքները` նշեց, որ ամենամեծ թվով հայտերը եղել են բնագիտության բնագավառում։
Նշենք, որ ֆինանսավորված 159 թեմաներից 23-ը ընտրվել են բողոքարկման արդյունքում: Ինչպես իր հերթին նշեց բնական գիտությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Ղազարյանը, առաջին անգամ էր մասնակցում գնահատման աշխատանքներին և արդեն կարողացել է տեսնել և դրական, և բացասական երևույթներ: Նրան, նախևառաջ, գոհացրել է մրցույթում անաչառության և արդարության սկզբունքը: Փոխարենը՝ Էդուարդ Ղազարյանին մտահոգում է մասնակիցների թիվը, որը նախորդ տարիների համեմատ պակասել է:

Էդուարդ Ղազարյանին շատ է մտահոգում նաև փորձագետների գնահատականը, որն, ըստ նրա, շատ հաճախ սուբյեկտիվ է:

Սամվել Հարությունյանն անդրադառնալով բնական գիտությունների հանձնաժողովի նախագահի դիտարկումներին` բնական համարեց աշխատանքների գնահատման սուբյեկտիվության գործոնը: Նա կարծում է, որ անհնար է ապահովել առավելագույն օբյեկտիվություն, քանի դեռ գիտական փորձագիտության մեջ առկա է մարդկային գործոնը:

Ինչ վերաբերում է հայտերի թվի նվազմանը, ի տարբերություն Էդուարդ Ղազարյանի, Սամվել Հարությունյանին չի մտահոգում, քանի որ նա այդ միտումը պայմանավորում է համեմատաբար թույլ թեմաների նվազմամբ: Հայտերի թվի նվազելը Գիտության պետական կոմիտեի նախագահը պայմանավորում է դրանց առավել որակյալ լինելով:

Back to top button