Ավանդներն ստացել են 3864 վետերաններ, հերթն այժմ ազատամարտիկներինն է, ասում է ՕԵԿ- ական պատգամավորը


Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Խորհրդային ռուբլով ավանդների փոխհատուցման գործընթացը թևակոխում է մի նոր փուլ և արդեն հաջորդ տարի դրան մասնակից կդառնան սոցիալական և տարիքային նոր խմբեր, այդ թվում նաև ազատամարտիկները, այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։
Ի սկզբանե նախատեսված էր, որ այս ասուլիսին պետք է մասնակցեն և ազատամարտիկներ Խաչատուր Խաչատրյանը և փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը, սակայն վերջին պահին նրանք հրաժարվեցին գալ հանդիպմանը։
Իրենց ավանդներն արդեն ստացել են Երկրորդ համաշխարհային պատերազմի 3864 վետերան-ավանդատուները: Առաջնահերթ խմբում ներառնված 62 հազար 500 ավանդատուներից արդեն 62 հազարից ավելին ստացել են իրենց փոխհատուցումները և մինչև տարեվերջ այս խմբում գործընթացը կավարտվի։
2014 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների շրջանակում ազատամարտիկների՝ խորհրդային ռուբլով ավանդների փոխհատուցման հարցը կստանա իր լուծումը, նշեց Հովհաննես Մարգարյանը: Նա հիշեցրեց, որ 2006 թվականից սկսած փոխհատուցումներին տարեկան ուղղվել է մինչև 1,8 մլրդ դրամ: Ըստ նախնական գնահատականների՝ ազատամարտիկ-ավանդատուների թիվը կազմում է մոտ 3000։
Խորհրդային «Խնայբանկի» ավանդների առաջնային փոխհատուցման հարցով դիմել են նաև Աֆղանստանի պատերազմի վետերանները և Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի վերացման մասնակիցները: Առաջիկայում սահմանվելու են այդ ավանդների փոխհատուցման չափորոշիչները, հայտնեց պատգամավորը։