Շիշկերտը, այն կանգուն պահող 21 բնակիչը, եւ գյուղի երկամյա փոքրիկ Հայկը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Սյունիքի մարզի Ծավ գյուղի վարչական տարածքում երկու բնակավայր է նշված` Ծավ և Շիշկերտ: Երկու համայնքների միջև հեռավորությունը 12 կմ է, գրունտային խարխուլ ճանապարհ: Առաջին անգամ այս ճանապարհով անցնող լրագրողներիս թվում էր, թե այն երբեք չի ավարտվի, բայց ավարտվում է և երևում է Շիշկերտի առաջին տունը: Ընտանիքի հայրը Հմայակ Գալստյանն է:
Հաշմանդամի սայլակին գամված գյուղացին տեղյակ է ոչ միայն Շիշկերտի, այլև աշխարհի անցուդարձին։ Նա է մեզ պատմում գյուղի 17-րդ դարի եկեղեցու, խորհրդային տարիներին 130 տնտեսություն ու զույգ դասարաններ ունեցող դպրոցի մասին: Սա Շիշկերտի անցյալն է: Այսօր համայնքում ընդամենը հինգ ընտանիք է ապրում, դպրոցի դռները վաղուց չեն բացվել. երեխաներ չկան, Հմայակ Գալստյանի 2-ամյա թոռնիկը` Հայկը, Շիշկերտի միակ երեխան է։
Լարիսա Սարգսյանը Շիշկերտ հարս է եկել Բաքվից: Որդին գարնանն է ամուսնացել: Հարսը Ջավախքից է: Երիտասարդները համացանցով են ծանոթացել: Երեխայի ծնունդին մի քանի ամիս է մնացել, ընտանիքում բնականաբար, մեծ ուրախություն է, բայց մտահոգություններն էլ քիչ չեն, քարուքանդ ճանահարհով հղի կնոջը Կապան պիտի հասցնեն։
Շիշկերտի լավ օրերի մասին մեղվաբույծ Լավրենտ Գրիգորյանը ևս տխրությամբ է հիշում, իսկ մինչ այդ պատմում է Նժդեհի վաշտապետ իր պապի` Պատվական Գրիգորյանի մասին, ով Հանդ գյուղը երկու անգամ փրկել է կոտորածից: Կռվել է Վանում, Սարիղամիշում: Շիշկերտի լավագույն տարիները նա մեծ հայրենականին հաջորդած տարիներն է համարում, համայնքի ներկա իրականության հետ համեմատությունը անհնարին է։Մի մասը դպրոցի համար է գնացել, մյուս մասը՝ աշխատանքի։
Այսպես տարիների ընթացքում գյուղը դատարկվել է: Շիշկերտը կանգուն պահող 21 հոգուց յուրաքանչյուրն այսօր մեզ հերոս է թվում: Մայրաքաղաքից մեկնած լրագրողներիս նրանք նույնիսկ լավատեսություն են ներշնչում: