Տնտեսական

Կոոպերատիվների ստեղծումը նպաստել է անասունների կաթնատվության բարձրացմանը

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
Հայաստանի 6 մարզերում, որտեղ հիմնական զբաղմունքը անասպանապահությունն է, ստեղծվել են կոոպերատիվներ, որոնց շնորհիվ բարձրացել է անասունների կաթնատվությունը և կենդանիների գլխաքանակը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հավաստիացրեց գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության պետական ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր տնօրեն Գագիկ Խաչատրյանը։ Վերջինս նշեց նաև, որ, նախատեսում են ստեղծել կաթ արտադրողների ասոցիացիաներ, ինչը կարող է լինել համայնքի կոոպերատիվի շրջանակներում, կամ էլ՝ միավորվել կաթ արտադրողներին։

Սակայն մասնագետները փաստում են, որ գյուղատնտեսության խնդիրների լուծման ամենաարդյունավետ միջոցը գյուղացիական տնտեսությունների խոշորացումն է, այսիքն՝ կոոպերացիաների ստեղծումը։ «ֆերմերային շարժում» ՀԿ նախագահ Սարգիս Սեդրակյանը ահազանգում է, որ կոոպերատիվների ստեղծմամբ հողերը կդառնան մի քանի օլիգարխների սեփականություն, իսկ գյուղացիները համատարած կվերածվեն սեզոնային աշխատողների՝ առանց որեւէ սեփականության իրավունքի:

Գյուղատնտեսության պետական ծրագրերի իրականացման գրասենյակի գլխավոր տնօրենը չի ժխտում ,որ հնարավոր է նման բան տեղի ունենա և նշում. «մենք ուժով չենք կարող սահմափակել, բայց այդպիսի  աղետ չի կարող լինել, ինչպես որ բարձրաձայնում են», որպես ասվածի ապացույց բերելով հանրապետության 6 մարզերում ձեւավորված կոոպերատիվների հաջողությունը։

Գագիկ Խաչատրյանը նշում է,որ կոոպերատիվը ցանկացած հարցում միասնական աշխատանք է ենթադրում, այլապես այն իր իմաստը կկորցնի: Նա նշում է, որ կոոպերատիվների ընդլայանումն այնքան կարեւոր է, որ գյուղացիների հետ բացատրական աշխատանք տանելու համար նրանց հետ անգամ հանդիպել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը։ Գագիկ Խաչատրյանը նշում է նաեւ, որ գյուղացիներից շատերի մոտ մտավախություն կա, թե այս կոոպերատիվները Սովետական Միության կոլխոզներն են, որ իրենց սեփականությունը իրենց ձեռքից վերցնելու են: Նման բան չկա, մենք բացի օգնելուց ու նպաստելուց իրենց աշխատանքին, ոչ մի պահանջ չենք դնում, ասում է գյուղատնտեսական ԾԻԳ- ի տնօրենը։

Ցուցադրել ավելի
Back to top button