Քաղաքական

Ի՞նչ տեղի ունեցավ եւ ինչո՞ւ. հարցնում է ԱԺ արտաքին հարաբերությունների նախկին նախագահը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

Մինչ այսօր չկա այն հարցի պատասխանը, թե ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի երեքին և ինչու, լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշմանը, կարծիք է հայտնել միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահը կարծում է, որ մինչեւ 2014 թ մայիս՝  Հայաստանի անդամությունը Մաքսային միությանը, նորանոր հանգամանքներ կհայտնվեն։

Նկատելով, որ Մաքսային միությունը մի գոտի է, որտեղ չպետք է լինեն մաքսային խոչընդոտներ և պետք է լինի մաքսային սահման, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ Հայաստանի՝ ՄՄ անդամ դառնալու դեպքում մեր երկրի տնտեսական աճը պետք է շատ բարձր լինի, բայց տնտեսագետները խոսում են 0.2- 0.3 տոկոս աճի մասին։ Մինչդեռ, ըստ փորձագետի, Եվրոպական տնտեսական գոտին անսահմանափակ հնարավորություններ էր նշանակում Հայաստանի համար:

Խոսելով ենթադրությունների մասին, թե Հայաստանի վրա ճնշում է գործադրվել, Իգիթյանը նկատեց, որ նման հարցի պատասխանը կարող է տալ միայն նախագահ Սերժ Սարգսյանը։ Փորձագետի գնահատմամբ` տնտեսական ճնշում չէր կարող լինել, քանի որ Ռուսաստանը, Հովհաննես Իգիթյանի ձեւակերպմամբ, առանց այդ էլ ստացել է այն, ինչ ուզում էր։

Իգիթյանի խոսքով` ինքը չի տեսնում նաեւ քաղաքական սպառնալիք, քանի որ Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանն է ուզում։ Հայաստանը միակ երկիրն է, որից Ռուսաստանը ռազմական տեսանկյունից երբեք չի դժգոհել, նկատում է փորձագետը։ «Արդյո՞ք Ռուսաստանի կողմից եղել է անվտանգության սպառնալիք, եթե դա այդպես է, ապա պետք է դրա մասին բարձրաձայնել, որովհետեւ դա շատ լուրջ սպառնալիք է, որովհետեւ խոսքը Հայաստանի և ԼՂՀ անվտանգության մասին է»,- ասում է։

Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանը Եվրոպայի համար այլևս անվստահելի գործընկեր է։ Ըստ նրա` եթե հետագայում Հայաստանը ցանկություն ունենա շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ, ապա Ասոցացման համաձայնագրի հետ կապված այլեւս կլինեն նոր պայմաններ` նոր ձևաչափով և վստահության այլ չափանիշով։

Ցուցադրել ավելի
Back to top button