Զգուշացեք՝ խաղալիք է


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Յուրաքանչյուր տարիք հիշարժան է նաև տարատեսակ խաղալիքներով: Ամեն տարիք ունի երեխայի մտավոր զարգացմանը նպաստող յուրօրինակ խաղալիքների կարիք: Սովորաբար ծնողները երեխաների համար նախընտրում են ամենալավն ու որակյալը, սակայն որքանով է դա մեր երկրում դա հնարավոր, դժվար է ասել:
Մանկական խաղալիքների նկատմամբ վերահսկողությունը, ըստ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի, ավելի ուժեղ պետք է լինի: Ըստ նրա` ավելի հուսալի է խալիքներ գնել այն խանութներից, որոնք ավելի մեծ են և համար պատշաճ գնումների համար: Իսկ փոքր «բուդկաներից» առևտուրը վտանգավոր է, որտեղ հավանականությունը մեծ է, որ անորակ և չսերտիֆիկացված ապրանք կվաճառվի։
Շուկայում այսօր առկա խաղալիքների բազմազանությունը շատ անգամ խճճում է ծնողին ընտրության հարցում: Բժիշկ ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ խաղալիքը ոչ միայն պետք է չվնասի երեխային, այլ պետք է նպաստի նրա ճիշտ զարգացմանը: «Խաղալիքներ ընտրելիս պետք է հաշվի առնել մի քանի գործոններ` դրանցից առաջինը անվտանգությունն է, թե ինչպիսի նյութերից է պատրաստված խաղալիքը, երկրորդ գործոնը՝ համապատասխանեցումն է տարիքին, երրորդը՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն երեխաների համար խաղալիք ընտրելիս, ովքեր ունեն խնդիրներ, մասնավորապես ալերգիաներ»։
Մասնագետը խորհուրդ է տալիս ծնողներին մեկ տարեկան երեխաների համար խաղալիք գնելու դեպքում ուշադիր լիեն, որ այն չլինի PVC` ֆենոլներ պարունակող նյութից, որից հիմնականում պատրաստվում են փափուկ ռետինե խաղալիքները: PVC- ով խաղալիքները վտանգավոր են նաև մեծ տարիքի երեխաների համար: Ըստ ալերգոլոգի` այն առաջացնում է վաղաժամ հասունացում:
Մինչև երեք տարեկան երեխաների համար խաղալիք ընտրելիս, ըստ բժշկի, հակացուցված են մանր դետալներից կազմված խաղալիքները, իսկ երեքից բարձր տարիքի երեխաների համար արդեն անհրաժետ է նրանց զարգացման համար ընտրել հենց նման դետալներով խաղալիքներ:
Երեխաներին, ովքեր ունեն ալերգիկ հիվանդություններ, ծնողները պետք է զերծ պահեն փափուկ խաղալիքներից։ Բանախոսների խորհուրդն է մեր ծնողներին՝ խաղալիք ընտրելիս պահանջել սերտիֆիկատ` ծագումն իմանալու համար և զերծ մնալ չինական արտադրության ապրանք գնելուց: