ԿարևորՀասարակություն

Վաղը Խաչվերաց է, իսկ ռեհանը՝ խաչի ծաղիկը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Խաչվերացի տոնը նշում է սեպտեմբերի 15-ին: Այդ առիթով սուրբ և անմահ Պատարագ է մատուցվելու բոլոր եկեղեցիներում: Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում Պատարագը կմատուցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Օրն առավել տոնական ու հանդիսավոր դարձնելու համար Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանը Ս. Պատարագի ավարտին Ներքին Չարբախի դպրոցի առաջին դասարանցիների օրհնության կարգ կկատարի: Փոքրիկներն Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանի կողմից տոնը խորհրդանշող օրհնված խաչեր կստանան:

Խաչվերացը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Տոնը շարժական է և նշվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում, կիրակի օրը: Տոնն այս տարի կնշվի սեպտեմբերի 15-ին: Խաչվերացը Սուրբ Խաչի նվիրված տոներից գլխավորն է: Այն նվիրված է Տերունի Խաչի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձին ու փառաբանությանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց  Տեր Պետրոս քահանա Մալյանը` ներկայացնելով տոնի նախապատմությունը: «614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը»։

Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում Երուսաղեմ: Կա նաև պատմական վկայություն, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ։

«Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (ներկայիս Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին:

Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած,տանում է Երուսաղեմ և իր ուսին Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը։

«Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես՝ ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ»,- ասում է եր Պետրոս քահանա Մալյանը։

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում։ Ժողովրդական ավանդության համաձայն՝ ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն էր, առանց որի տոնը լիարժեք չէր կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացն ընկալում են որպես աշնանամուտ։

Back to top button