Հասարակություն

Թանկարժեք ու խափանված բիոզուգարանը կամ ինչ կարելի էր Տաթեւում անել 175 հազար դոլարով

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

Սյունիքի մարզում զբոսաշրջությանը զարկ տալու նպատակով կառուցված «Տաթևեր» ճոպանուղին իր առջև դրված խնդիրը կարծես կատարում է: Ճոպանուղուց օգտվող զբոսաշրջիկների թիվը տարեց տարի ավելանում է։ «Տաթևեր» ճոպանուղու տնօրեն Վահան Մելիքսեթյանի տեղեկություններով՝ նախորդ տարվա համեմատ ճոպանուղին այս տարի այցելուների 12-14 տոկոս աճ է արձանագրել:

Գործունեության երեք տարիների ընթացքում ճոպանուղին տեղացիներին տվեց 65 աշխատատեղ, ապահովեց զբոսաշրջիկներ մեծ հոսք ու անգամ դեմոգրաֆիկ աճ: Աշխատակիցներից արդեն մեկ ամուսնական զույգ է ձևավորվել, սպասում են երեխայի ծնունդին: Տնօրենը վստահեցնում է ` ճոպանուղին տեխնիկապես կատարյալ վիճակում է, անվտանգության խնդիրները լուծվում են հավուր պատշաճի։

Տարածքը զբոսաշրջության կենտրոն դարձնելու ծրագրերում իր ուրույն դերը պիտի ունենար ճոպանուղու Տաթևի հատվածում, վանական համալիրի  հարևանությամբ տեղադրված 175 հազար դոլար արժողությամբ բիոզուգարանը։ Արդեն մեկ տարի է այն զբոսաշրջիկներին   դիմավորում է «Չի աշխատում» հայերեն և անգլերեն ցուցանակներով։ Թանկարժեք զուգարանի խափանման վերաբերյալ այստեղ տարբեր վարկածներ են շրջանառվում:

Տաթև համայնքի գյուղապետ Մուրադ Սիմոնյանի տեղեկություններով՝ բիոզուգարանի խափանման պատճառը կայծակն է: Վերջերս մասնագետներ են եկել, փորձել են վերանորոգել այն, բայց ընդամենը մեկ օր է աշխատել: Տաթևի համայնքապետը խոստովանում է, որ 175 հազար դոլար արժողությամբ գերժամանակից զուգարանի, այսպես ասած  անժամանակ խափանման վերաբերյալ լրագրողների հարցերից արդեն հոգնել է և հնարավորության դեպքում մեծ հաճույքով կազատվեր այդ գլխացավից։

Հարցին, թե ինչ կաներ գյուղապետը զուգարանին տրամադրված 175 հազար դոլարով, Մուրադ Սիմոնյանը պատասխանեց. «Շուկան ու մշակույթի երկար սպասված տունը կկառուցեինք, համայնքի խարխուլ ջրագիծը կվերանորոգեինք, կոյուղագիծ կկառուցեինք»:

Back to top button