ԿարևորՀասարակություն

Դինքը կարողացավ կոտրել Թուրքիայում իշխող տաբուն

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
Վաղը լրանում է «Ակոս» թերթի թուրք ազգայնականների կողմից սպանված խմբագիր, լրագրող Հրանտ Դինքի ծննդյան 59-ամյակը: 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակոսի» խմբագրության մոտ սպանված լրագրողի ընտանիքի փաստաբան Ֆեթիե Չեթինը վերջերս հրատարակած իր գրքում ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Դինքի սպանության գործից: Վերջինս, իմի բերելով իր ձեռքի տակ եղած նյութերը, գրել էր, որ Դինքին սպանելու հրամանը տրվել է  Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության կողմից` կիրիլիկ այբուբենի տառերով գաղտնագրված երկտողի միջոցով:

Նկատենք, որ սրա մասին հայտնում է Չեթինը, իր հայտարարությունները հիմնավորելով հետախուզական ծառայությունում գաղտնագրության գծով որպես փորձագետ աշխատած Ռամազան Դյունդարի բացատրություններն ու տրամադրած փաստաթղթերը:

Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանն այսօր ասուլիսում անդրադառնալով Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործընթացին նշեց. «Նրան սպանել են պետական կառույցի անդամների պատվերով՝ գաղտնի ծառայությունների միջոցով: Թուրքայում մարդ սպանելու, մարդկանց վերացնելու  ճանապարհով քաղաքական և ներքին հարցեր լուծելու  փորձառությունը  պետության հիմնադրման օրվանից է սկսվում»։

Հայկազուն Ալվրցյանը Հրանտ Դինքին առաջին անգամ հանդիպել է  Թեհրանում Հայ Դատին նվիրված  խորհրդաժողովի ժամանակ, որի ընթացքում նրանց միջև բնավեճ է ծագել, ինչն էլ հետագայում գաղափարական ընկերության հիմք է դարձել։

Այդ խորհրդաժողովից  հետո Հայկազուն Ալվրցյանը այցելում է Ստամբուլ, հանդիպում է Հրանտի մատնանշած Ստամբուլի մտավորականության ներկայացուցիչների հետ։ Ալվրցյանն ասում է, որ Հրանտը ներքուստ գիտեր, որ Թուրքիան բռնապետական երկիր է, բայց նա իրեն և ընկերներին համոզել էր, որ հնարավոր է ինչ- որ բան փոխված լինի և ամեն անգամ արտահայտվում էր, «քանի առիթ կա, մենք պետք է մեկ քայլ առաջ անենք» ասելով։

Արդեն  Հրանտ Դինքի  սպանությունից հետո Հայկազուն Ալվրցյանը  բազմիցս հանդիպել է նրա ընկերների հետ, որոնք նշել են, որ Հրանտն իրենց գաղափարական առաջնորդն է եղել։

Արևմտահայոց հարցերի ոււմնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը տեղեկացրեց,որ վաղը՝ Դինքի ծննդյան օրվան նվիրված միջոցառում է տեղի ունենալու իրենց կենտրոնում, որի ժամանակ ցուցադրվելու է Հրանտ Դինքին նվիրված ֆիլմ: Նա նաև հայտնեց, որ մինչև 60-ամյակը տարբեր միջոցառումներ են նախատեսված, որի նպատակն է բացահայտելու մեծ լրագրողի ֆենոմենը:

Ցուցադրել ավելի
Back to top button