Քաղաքական

Աշխարհաքաղաքական խաղաթղթերը՝ ըստ Մանուչարյանի

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»
Գործընթացը ոչ թե ավարտվում, այլ՝ միայն սկսվում  է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը՝ խոսելով Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի իշխանությունների որոշման, դրա հիմքում ընկած պատճառների ու հետևանքների մասին:   

Մաքսային միությանն անդամակցելու որոշումն ու դրա հետ կապված ողջ գործընթացը միայն արտաքուստ է տնտեսական:   Դրա խորքային  բովանդակությունը աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական  ու քաղաքական է, ասում է «Ղարաբաղ» կոմիտեի  անդամ Աշոտ Մանուչարյանը: Միությանն անդամակցելու  որոշումը,  ըստ նրա,  կայացվել է Ռուսաստանի կոշտ ազդեցության ներքո, բայց Միացյալ Նահանգների թողտվությամբ։ «Հայաստանի ողջ պետական քարոզչությունը,  պետական բոլոր այրերի ելույթները վերջին 3-4 տարիներին նվիրվում էր նրան, թե ինչպես ենք գնում դեպի Եվրամիություն, և մեկ էլ Հայաստանը փոխեց տեսակետը մեկ օրվա մեջ: Պարզվեց` այդ 3-4 տարիներին մենք երազել ենք Մաքսային միության մասին, պարզապես թաքցրել ենք: Ուրեմն դա եղել է կոշտ ազդեցության ներքո: Սա առաջինը: Երկրորդը` այն ինչ կատարվում է այդ հարթության մեջ, միայն տեսքով է տնտեսական, հարցի իրական խորքային էությունը աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական և քաղաքական է, և ոչ մի կողմ զիջել չի ուզում»:

Մանուչարյանը կարծում է, որ Հայաստանի առջեւ իրականում ԵՄ ու Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարելու հարց չկար: Ըստ նրա վերլուծության՝  ԵՄ-ն ոչ այլ ինչ է, եթե ոչ կառույց, որի օգնությամբ ԱՄՆ վերահսկում է Եվրոպան։ Հետևաբար՝ բախումը կամ առճակատումը  պետք է դիտարկել ոչ թե ԵՄ-Ռուսատան, այլ ԱՄՆ -Ռուսաստան հարթության մեջ։ «Այդ բախման ընթացքում Միացյալ Նահանգները տեսավ մեկ բան. կոշտ բախման գնալու դեպքում կարող է կորցնել ամեն ինչ, հետևաբար՝ ավելի ճիշտ է զիջել մի դիրքը, այսինքն՝ հնարավորության տալ, որ Մաքսային միության հետ պայմանգիր ստորագրվի, իսկ հետագայում շարունակել գործել: Թե ինչպես՝  կտեսնենք»:

Կողմերը զիջել չեն  պատրաստավում, բայց նաև զգույշ են  իրենց քայլերի մեջ: Ցանկացած անզգուշություն կարող է անկանխատեսելի հետևանանքեր ունենալ: Աշխարհում,  ընդհանրապես, ըստ Մանուչարյանի,  կոշտ հակադրությունների շրջան է, բայց նաև որևէ մեկը չի ցանկանում հատել սահմանը: Որոշ հարցերում հակամարտող կողմերն անգամ օրինական շահեր ու տիրապետություն են ճանաչում  միայն  նրա համար, որ  կարողանանան  շարունակել պայքարը։ «Ռուսաստանը հիմա   համաշխարհային ջոկերն է: Հիմնական խաղացողները ԱՄՆ-ն ու Չինաստանն են, որոշակիորեն նաև Եվրոպան: Այս եռակողմ դինամիկան է որոշում, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Ռուսատանը առայժմ ջոկեր է՝ ում կողմն անցավ, այդ կողմը հաղթելու  է: Բայց ջոկերն ինքն էլ ուզում է դառնալ հիմնական խաղացող: Սա էլ նրա շահն է»։

Ցուցադրել ավելի
Back to top button