10 քանդակագործ 10 քանդակ կնվիրի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Գյումրիին


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 21- ը՝ Հայաստանի անկախության տոնը, այս տարի Գյումրին կնշանավորի քանդակագործության միջազգային սիմպոզիումով, որն իրականացվում է մասնավորապես «Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք 2013» միջոցառումների շրջանակում: Սիմպոզիումի ղեկավար, «Մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» հկ նախագահ Արթուր Գևորգյանն ասում է, որ քարերն արդեն տեղակայվել են քաղաքի «Խաղաղության օղակ» կոչվող կենտրոնական պուրակներից մեկում, որը, ինչպես ասում է գյումրեցի արվեստագետը, մշտապես մարդաշատ է և ունի իր «Կարապի լիճը»։
Քանդակագործության սիմպոզիումին կմասնակցեն հայտնի վարպետներ Գյումրիից, Երևանից, Ստեփանակերտից, ինչպես նաև Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից: Հյուրի կարգավիճակով Գյումրիի սիմպոզիումին կմասնակցի նաև իտալացի քանդակագործ, Ֆլորենցիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի պրոֆեսոր Մասիմո Լիպին, ով մասնակցել է Շուշիում կայացած քանդակագործության սիմպոզիումին։
Արվեստագետներն ազատ են, նրանք կգան, կտեսնեն քարը, կծանոթանան տեղանքին ու ազատություն կտան իրենց ստեղծագործական երևակայությանը, ասում է Արթուր Գևուրգյանը։ Արդյունքում՝ Գյումրին կունենա 10-ը քանդակներ, որոնք նոր շունչ ու բովանդակություն կհաղորդեն արվեստասեր ու գեղեցիկ արվեստի առաջ մշտապես դռները բաց պահող քաղաքին։ Սիմպոզիումի գաղափարն իրականություն դարձնելու համար կառավարությունը պետբյուջեից 8 միլիոն դրամ է հատկացրել։