Հասարակություն

Տրանսպորտի թանկացման նախաձեռնությունը քաղաքապետարանինն էր, ասում են փոխադրող ընկերությունները

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
«Այսօր չկա շահութաբեր երթուղի, բոլորն աշխատում են վնասով։ Մենք կառավարությանը առաջարկում ենք ոլորտը սուբսիդավորել, կամ էլ հարկային արտոնություններ տրամադրել, օրինակ՝ գազն ու վառելիքը պետությունը տրամադրի մեզ  ինքնարժեքով, այլապես՝ որոշ փոխադրողները կկանգնեն  լուծարաման եզրին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Նա մի քանի անգամ շեշտեց, որ եթե իրենց պահանաջները չբավարարվեն ,ապա առաջիկայում հնարավոր է միանան Երևանի քաղաքապետարանի դիմաց նստացույց իրականացնող ակտիվիստներին և միահամուռ պահանջեն  Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հրաժարականը:

ՀՀ փոխադրող կազմակերպության համանախագահ Վարդան Փանոսյանի համոզմամբ  էլ՝ քաղաքապետարանը հրահրում է ժողովրդին փոխադրողների՝ ժողովրդական լեզվով ասած գծատերերի դեմ։ Վարդան Փանոսյանը նշեց, որ իրենց կազմակերպությունում ընդգրկված 65 փոխադրող ընկերությունները 2008 թ.-ից ի վեր վնասով են աշխատում և հիմա շատերը սնանկացման եզրին են կանգնած։

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն էլ նշում է, որ համապարփակ  ծրագիր էին մշակել, ըստ  որի փոխադրողը արժանավայել սպասարկում պետք է իրականացներ, բայց այն ուղեվարձի բարձարացում չէր նախատեսում: Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը չի էլ գիտակցում ու ընկալում, թե ինչ առաջարկների մասին են խոսում:

Ծրագրի մեջ նշված չէր, որ ուղեվարձը պետք է դառնա 150 դրամ, դա Հենրիկ Նավասարդյանի նախաձեռնությունն էր։ Փոխադրողները ամեն մեքենայի համար ամսական 16.5 հազար դրամ վճարում են «Երևանտրանս» ՓԲԸ-ին՝ դիսպետչերական ծառայությունների համար, սակայն ոչ մի ծառայություն չի մատուցվում։

Ըստ բանախոսների՝ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը ճնշում է գործադրում նաև փոխադրողների վրա, որ միությանը չանդամակցեն, քանի որ առանձին-առանձին փոխադրողներին ավելի դժվար կլինի պայքարել վարչության դեմ:

Եթե փոխադրող ընկերությունները աշխատում են վնասով, շահութ չեն հետապնդում, ուղեվարձը չեն թանակացնում զուտ ժողովրդի մասին մտածելով, ապա ինչո՞ւ են քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները ցանկանում են դառնալ գծատերեր, բանախոսները որեւէ կոնկրետ պատասախան չտվեցին, փոխարենը հայտնեցին, որ մրցույթում հաղթում են հաճախ այնպիսի միկրոավտոբուսներ, որ չեմ իմանում, դրանով տեղ կհասնե՞ս, թե՞ չէ։

Ցուցադրել ավելի
Back to top button