Տեսողական խնդիր ունեցողներին օգնում են իրենց իրավունքներին ծանոթանալու հարցում


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/130913aida.mp3
Անցյալ տարի «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպությունը «Տեղեկատվության հասանելիության տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում թողարկել է աուդիոսկավառակ, որում ներկայացված են ՀՀ Սահմանադրությունը և ընտրական օրենսգրքից որոշ հոդվածներ: Իսկ այս տարվա թողարկած աուդիոսկավառակում, կազմակերպության ծրագրերի ղեկավար Քրիստինե Խաչիկյանի փոխանցմամբ, ընդգրկված են տեսողական խնդիրներ ունեցող անձանց առաջնային կարիքներին վերաբերող նյութեր։
Այս տարի հասարակական կազմակերպությունը ստեղծել է նաև տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար հայ իրականության մեջ ձայնային առաջին կայքը` www. audioinform.am։ Կայքից հաշմանդամները հնարավորություն կունենան ձայնային հրահանգի միջոցով օգտվել ինքնուրույն։ Այստեղ վերջիններս կծանոթանան ՀՀ Սահմանադրությանն ու մի շարք օրենքների` ընտրված հոդվածների մեկնաբանությամբ, ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվեցիային, ինչպես նաև միջպետական և ներպետական մի շարք փաստաթղթերի, որոնցով կարգավորվում են հաշմանդամների իրավունքները։
Այստեղ իրենց օգնում է հիմնականում ստեղնաշարը, որտեղ հրահանգների միջոցով ասում են այսինչ օրենքը լսելու համար կարող եք սեղմել լատինական այս տառը կամ թվերի միջոցով իրենք կարողանում են հեշտությամբ անցումներ կատարել և ընտրել հենց այն գլուխը, որն իրենք ցանկանում են լսել: Քրիստինե Խաչիկյանի խոսքով` կայքում դեռևս անելիքներ կան. նախատեսում են հավաքագրել այլ կազմակերպությունների օգտակար հղումները։
Հայաստանի կույրերի միավորման կենտրոնական վարչության նախագահի տեղակալ Մարտին Սարգսյանը կարևորեց նախաձեռնությունը և շեշտեց, որ համագործակցում են «Երիտասարադական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության հետ` միասին որոշելով այն կարևորագույն օրենքները, որոնք էլ զետեղվում են ձայնասկավառակի վրա։ Օրենքն իմանալով՝ շատ ավելի ազատ կարող է պատկան մարմիններում իր խնդիրը ներկայացնել: Սա լրացուցիչ մի գործոն է, որ կօգնի պատկան մարմիններին ներկայանալիս ավելի համարձակ լինել, կարծում են նախաձեռնության հեղինակները։