Տնտեսական

Ս. Սարգսյան. Գյուղատնտեսությունում դեռևս չօգտագործված ներուժ, զարգացման բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է գյուղատնտեսության նախարարություն։ Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաև դրանց լուծման ուղիների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները։

Հանրապետության նախագահն այնուհետև նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը և «Հայկական միրգ» ԲԲԸ տնօրեն Ալվինա Ավագյանը զեկուցել են առանձին ուղղություններով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքի մասին, ներկայացրել ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զարգացման հեռանկարները։

Նախագահը ներկայացված աշխատանքների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և վարչությունների ղեկավարներին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում դեռևս չօգտագործված ներուժ, զարգացման բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախարարությունը հսկայածավալ աշխատանք ունի իրականացնելու: Քննարկվել են նաև բերքահավաքի այս ժամանակաշրջանում մթերումների կազմակերպման աշխատանքների, ներկայիս դրությամբ մթերման ցուցանիշների, վերամշակող ընկերությունների հետ համագործակցության, գյուղմթերքի արտահանման հետ կապված և մի շարք այլ հարցեր։

Սերժ Սարգսյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ոչ միայն գյուղատնտեսության ոլորտին, այլ նաև մեր երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալական ու տնտեսական խնդիրներին։

Հանդիպման ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության այգեգործության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Կարինե Եսայանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության գյուղատնտեսության ծրագրավորման բաժնի պետ Հերիքնազ Լեմբերյանին, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանին, անձնակազմի կառավարման բաժնի պետ Դոնարա Սիմոնյանին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով։

Ցուցադրել ավելի
Back to top button