ԿարևորՏնտեսական

Հաջորդ տարի աշխատավարձը կբարձրանա. սկսվել են պետբյուջեի նախնական քննարկումները

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
Սեպտեմբերի 17-ից ՀՀ վարչապետի մոտ սկսվելու են  ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծի նախնական տարբերակի քննարկումները: Ըստ նախնական տարբերակի՝ 2014թ. բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրիլիոն 272 մլրդ 955 մլն 463 հազար, եկամտային մասը` 1 տրիլիոն 145 մլրդ 415 մլն 563 հազար դրամ:  Նախագիծը հաստատվել է այսօր՝ կառավարության նիստի ընթացքում: 
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/09/130913gov.mp3

Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝  2014 թ. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի խոշորացված ցուցանիշների նախնական տարբերակն այսօր կառավարությունում  ի գիտություն ընդունվեց։ Գործադիր մարմինների ղեկավարները մեկ շաբաթվա ընթացքում  գլխավոր փաստաթղթի նախագծի տեքստային մասի նախնական տարբերակի  վերաբերյալ  ՀՀ ֆինանսների նախարարություն պետք է  առաջարկություններ  ներկայացնեն: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը  դեռ հիմական շեշտադրումներ չի ցանկանում ներկայացնել, «քանի որ քննարկումները նոր են սկսվել, երբ կավարտվեն՝ կներկայացնենք շեշտադրումները: Շեշտադրումները ձեզ պետք է արդեն հայտնի լինի, աշխատավարձի բարձրացում է լինելու»։
Թե որքան կբարձրանան աշխատավարձերը,  այդքան սպասված ու բոլորիս անհրաժեշտ նորությունն ում կուրախացնի, ֆինանսների փոխնախարարը դեռ գաղտնիքը չի բացահայտում: Պավել Սաֆարյանը նաև դեռ վաղ համարեց խոսել բյուջեի միջոցների ոչ արդյունավետ ծախսերի մասին։ «Կարծում եմ մենք երեք ամիս ժամանակ ունենք, դուք կարողեք բազում անգամներ տալ այդ հարցերը»։

Տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ նույնպես հանդիպելու առիթներ շատ կլինեն:  Նախարարը, համենայն դեպս, չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Հրաժարական կտա միայն մի դեպքում. «Աստված մի արասցե, հիվանդության դեպքում հաստատ հրաժարական կտամ»։

Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվողՄեղրի-Երևան- Բավրա կամ ՝ Հյուսիս Հարավ ճանապարհային միջանցքի՝ 556 կմ  երկարությամբ մայրուղու կառուցման աշխատանքները շարունակվում են: Այժմ  իրականացվում է Երեւան-Արարատ եւ Երեւան-Աշտարակ հատվածների շինարարությունը: Ծրագիրն իրականացնոմ են ֆրանսիական «Սաֆեժ» եւ իսպանական «Իզոլյուքս Կորսան» ընկերությունները: «Աշտարակում և Արտաշատում ամեն օր  բետոնացվում է 500մ, սակայն նրանք խոստացել են, որ աշխատանքները հունի մեջ ընկնելուց հետո օրական 700-800  մ կբետոնապատեն»:

Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ շինարարության իրականացման աշխատանքներում դեռ թերություններ կան։ «Մենք այսօր հարյուր տոկոս չէ, որ գոհ ենք, կան էլի թեթև թերություններ, խոստացել են ընթացքում վերացնել, եթե արդեն հունի մեջ ընկնենք, ինձ թվում է մինչև տարեվերջ կարող ենք աշխատանքների ամբողջ 40 տոկոսը անել»։

Ցուցադրել ավելի
Back to top button