ԿարևորՀասարակություն

Երեւանն առաջարկում է ստեղծել Արեւելյան գործընկերության բուհական միասնական վարկանիշային համակարգ, հիմնել ցանցային համալսարան

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»
Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում այս օրերին Երևանում են ԿԳ նախարարությունների ներկայացուցիչները: Նախարարներն այսօր կլոր սեղանի շուրջ քննարկել են բարձրագույն կրթության բարեփոխումների և այդ ոլորտում պետությունների դերակատարության հարցերը։

Մասնակից պետությունների պատվիրակությունները ներկայացրել են զեկույցներ, որոնք առնչվում են համալսարանական ուսումնական ծրագրերի արդիականացմանը, դասավանդման նոր մեթոդներին, համալսարան- բիզնես ոլորտ համագործակցությանը, Բոլոնիայի  գործընթացի վերջին զարգացումներին ու մարտահրավերներին։

Երևանյան պատվիրակության կողմից էլ առաջարկվել է ստեղծել Արևելյան գործընկերության անդամ-պետությունների համալսարանների միասնական վարկանիշային համակարգ, հիմնել ցանցային համալսարան։

Հանդիպման ընթացքում նշվել  է նաև, որ 2015 թվականին Հայաստանը ստանձնելու է Բոլոնյայի քարտուղարությունը: Անդրադառնալով քննարկան ընթացքում հնչած կարծիքներին և ելույթներին՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  կրթական խնդիրները թերևս բոլոր երկներում էլ նույնն են: «Մենք ունենք միևնույն խնդիրները, միևնույն մարտահրավերները և միևնույն ուղղությամբ ենք գնում` ստեղծելով, ամրապնդելով միասնական եվրոպական կրթական տարածք: Կրթությունն այն եզակի բնագավառն է, որը թույլ է տալու հաջողություն ունենալ թե քաղաքական, թե տնտեսական, թե հասարակական հարթություններում եվրոմերձեցման  քաղաքականության մեջ»:

Ինչպես իր հերթին նշեց Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլիուն, Եվրոպայի տնտեսական զարգացման քաղաքականությունը հիմնված է կրթության և նորարարության վրա, հետևաբար՝ իրենք ցանականում են այդ ռազմավարությունը փոխանցել նաև Արևելյան գործընկերներին:

«Իհարկե մենք զրոյից չենք սկսելու ամեն ինչ, որովհետև վերջին տարիներին մենք զարգացրել ենք լավ հարաբերություններ մեր Արևելյան գործընկերության երկրների հետ, ինչպես նաև բարձրագույն կրթության ներկայացուցիչների հետ 2 շատ կարևոր ծրագրերի շրջանակներում, որոնք են Էրազմուս Մունդուսը և Տեմպուսը»,- նշեց Վասիլիուն։

ԵՄ Խորհրդում նախագահող  Լիտվայի կրթության և գիտության նախարար Դաինիուս  Պավալսկին արդեն 4-րդ անգամ է Հայաստանում և, ինչպես նկատեց, վերջին 35 տարիների ընթացքում կան բավականին դրական փոփոխություններ:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց ի՞նչ կարող էր ակնկալել Հայաստանը, իսկ հիմա ի՞նչ է սպասվում մեր երկրին: ԵՀ հանձնակատարը պատասխանեց, որ տվյալ ասուլիսին զուգահեռ ընթանում են նաև քաղաքական քննարկումներ, և իրենց կարծիքը չի տարբերվի Շտեֆան Ֆյուլեի ասածից: «Նույնիսկ ՌԴ-ի հետ մենք սերտ համագործակցություն ենք իրանկանացնում, բայց Ասոցացման համաձայնագիրը չի նշանակում, որ մենք կտրում ենք մեր բոլոր կապերը»։

Ինչպես իր հերթին նկատեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. մենք ոչ մի բան չենք կորցնում, որովհետեւ բոլոր երկրները Բոլոնիայի գործընթացի անդամ են:

Ցուցադրել ավելի
Back to top button