Հասարակություն

Աղվան Հովսեփյանը վերջին համաձայնագիրն ստորագրեց այդ պաշտոնում. կշարունակի հասարակական գործունեությամբ զբաղվել

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»
«Շնորհակալ եմ Աստծուն, ճակատագրին, որ ինձ բախտ է վիճակվել իմ մասնագիտությամբ զբաղեցնել այդպիսի բարձր պաշտոն եւ ծառայել իմ պետականությանը, հայրենիքին: Այդ տարիների ընթացքում, վկա է Աստված, արել եմ ամեն ինչ, որպեսզի համակարգը կայանա»,- լրագրողների հետ այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` պատասխանելով իր ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ լրագրողների հարցերին։
Դատախազության համակարգում շուրջ 40 տարի, որից 15 տարին` դատախազության համակարգի ղեկավար, երեք անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։ Աղվան Հովսեփյանն ասաց, թե իր պաշտոնավարման տարիներին երեք անգամ դատախազությունը հիմնովին ենթարկվել է բարեփոխումների, երկու անգամ նոր օրենք է ընդունվել դատախազության մասին:

Պաշտոնավարությունը եղել է շատ ծանր տարիների ժամանակահատվածում, գնահատեց Աղվան Հովսեփյանը` շնորհակալական խոսքեր փոխանցելով բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ օժանդակել-օգնել են իրեն` հնարավորություն ընձեռելով կատարելու իր պարտականությունները որպես գլխավոր դատախազ։

Հարցին, թե ում է ցանկանում տեսնել գլխավոր դատախազի պաշտոնում` Աղվան Հովսեփյանը չպատասխանեց` շեշտելով, որ դա նախագահի լիազորությունների շրջանակում է: Արձագանքելով հարցին, թե որտեղ է տեսնում հետագայում իր գործունեությունը` Աղվան Հովսեփյանը նախ շեշտեց, թե առավել ակտիվորեն իր հասարակական գործունեությունն է շարունակելու։

Նշեմ, որ Աղվան Հովսեփյանի հետ զրույցի հնարավորություն ստեղծվեց այսօր դատաիրավական բարեփոխումներին ուղղված աջակցության վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան համաձայնագրի ստորագրումից հետո: Դրանով ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ կնքված թմրամիջոցների հսկողության եւ իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-համաձայնագրի 15-րդ փոփոխությունը կատարվեց:

Համաձայն դրա` մոտ 2.2 միլիոն ԱՄՆ դոլար լրացուցիչ օժանդակություն կտրամադրվի Հայաստանին դատաիրավական ոլորտում մի շարք աջակցության ծրագրերի իրականացման համար: Ստորագրելով համաձայնագիրը` Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ասաց, թե համատեղ անցած աշխատանքի արդյունքում հաջողվել է առաջընթաց ունենալ անդրազգային հանցագործության եւ թրաֆիքինգի դեմ պայքարում։

Back to top button