ԿարևորՔաղաքական

ԱԺ- ում քննարկում են Մաքսային միության անդամակցության հետեւանքները

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Խորհրդարանական խմբակցություններն այսօր ավանդական ճեպազրույցներով ամփոփել են աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի արդյունքները՝ դրան գրեթե չանդրադառնալով.  քննարկման առանցքը կրկին եղել է մաքսային միության ու Եվրամիության հետ հարաբերությունների թեման:

«Ժառանգությունը» հույսն ունի, որ եվրոպական դուռը չի փակվի
«Ժառանգությունը» համոզված է, որ այն փաստոթուղթը,  որի շուրջ մոտ 4 տարի  ջանադրաբար բանակցել են Եվրամիության պաշտոնյաներն ու Հայաստանի իշխանությունները, նույն տարողությամբ ու տեսքով այլևս ստորագրել հնարավոր չի լինի:  Խմբակցության անդամներից Թևան Պողոսյանի հայացքով՝  մնում է միայն հուսալ, որ  եվրոպական դուռը Հայաստանի համար չի փակվի։

 

Սեպտեմբերի 3- ին Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ուղղություն է վերցրել դեպի նոր բևեռ, փաստում է ՀՅԴ- ն
Եվրոպական դուռը մեր երկրի համար, իհարկե, ամբողջությամբ չի փակվի, բայց  հիմնական խնդիրն այն մի քիչ բաց  կամ մի քիչ փակ պահելը չէր: Արմեն Ռուսատամյանը հիշեցնում է, որ  Եվրամիության հետ Հայաստանը  վերջին 20 տարիների ընթացքում  հարաբերություններ ունեցել է և առաջիկայում նույնպես կունենա: Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններով, սակայն, մեր երկիրը  Եվրոպայի հետ նոր որակի հարաբերությունների, տնտեսական ու քաղաքական ասոցացման խնդիր էր դրել։ «Այդ իմաստով ասոցացումն այլևս հնարավոր չէ այն որակով, այն մակարդակով, որով պատկերացնում էինք մինչև սեպտեմբերի 3-ը։ Այլևս հնարավոր չէ»,- ասում է դաշնակցական պատգամավորը։

Սեպտեմբերի 3-ից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը ուղղություն է վերցրել դեպի նոր բևեռ, ասում է Ռուստամյանը։ Մեկնաբանությունը, թե Մաքսային միությանն անդամակցելը միայն տնտեսական համագործակցության խնդիր է, նա  թույլ փաստարկ է համարում և նշում, որ իրավիճակը  բացատրությունների ու մեկնաբանության կարիք ունի: Իսկ գլխավոր հարցը մեկն է, որը նույնպես առայժմ  հստակ պատասխան չունի. «Այս ուղղությամբ գնալով՝ մենք Ղարաբաղի անկախությունն ավելի ենք պաշտպանո՞ւմ, Ղարաբաղի ճանաչումն ավելի ենք մոտեցնու՞մ: Այս հարցի պատասխանը մենք դեռ չունենք»:

Մաքսային միության թեմայից դուրս Դաշնակցության ներկայացուցչին ուղղված հարցը Վահան Հովհաննիսյանին ու կոալիցիայ մաս կազմելուն էր վերաբերում:  Վահան Հովհաննիսյանի՝ Գերմանիայում Հայաստանի դեսպան լինելու հանգամանքը, ըստ Արմեն Ռուստամյանի, Դաշնակցությանը որևէ կերպ չի կաշկանդի։ «Ավելին ասեմ՝ եթե անհամատեղելի իրավիճակ առաջանա, ապա դա չեն հանդուրժի ոչ Վահան Հովհաննիսյանը և  ոչ էլ Դաշնակցությունը»։

«Արժանապատվության եւ վստահության կորուստ». ԵՄ- ից ՄՄ- ին անցնելու գործընթացը՝ ըստ ԲՀԿ-ի

Արմեն Ռուստամյանը բացառեց նաև ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ կոալիցիա կազմելու հեռանկարը: Նույն պնդումն այսօր ճեպազրույցների ժամանակ հնչեց նաև ԲՀԿ ներկայացուցիչների կողմից. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական օրակարգում նման հարց չկա, վստահեցրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ահա Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ կապված հարցեր քաղաքական այս ուժի ներկայացուցիչներն ունեն: «Ո՞վ էր Հայաստանին 4 տարի շարունակ ստիպում բանակցել Եվրամիության հետ այն խորությամբ ու ինտենսիվությամբ, որ ունենայինք գրեթե 100 տոկոսով ստորագրման պատրաստ փաստաթուղթ: Ոչ ոք Հայաստանի իշխանություններին չի ստիպել հասնել մի կետի, որից հետ կանգնելը կբերի ԵՄ-ի հետ հարաբերությունների կտրուկ վատացմանը»,- ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանը։

Գործընթացն ամփոփելով՝ նույն խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «արժանապատվության եւ վստահության կորուստ» է արձանագրում: «Ինձ համար ամենացավալի հետևությունն այն է, որ մենք որպես վստահելի գործընկեր կորցրեցինք մեր իմիջը մեր եվրոպացի  գործընկերների մոտ»,- արձանագրեց նա

ՄՄ հետ համագործակցությունը բխում է Հայաստանի եւ Ղարաբաղի շահերից, հայտարարում է խորհրդարանական մեծամասնությունը
Այս ու նաև ընդդիմադիրների հնչեցրած մյուս գնահատականներին համաձայն չէ քաղաքական մեծամասնությունը՝ ի դեմս ՕԵԿ-ի և ՀՀԿ-ի: ՕԵԿ ներկայացուցիչներն այսօր հայտարարեցին, որ համոզված են, որ նոր միության հետ համագործակցությունը բխում է Հայաստանի ու Ղարաբաղի շահերից, վերապահումներ գրեթե չունեն:

ՀՀԿ խմբակցության ղեկավար  Գալուստ Սահակայնը վերապահումներ ունի, բայց ընդդիմադիրների մեկնաբանությունների  առնչությամբ: «Շատ բնական եմ համարում, որ ցանկացած իրավիճակի մեջ ընդդիմությունը որոնում, որակավորում է, ստեղծում է թիրախային իրավիճակ, ինքը ստեղծում է, ինքն  էլ փորձում է լուծումներ տալ»։

Գալուստ Սահակյանը նշեց նաև, որ ՀՀ իշխանությունները հակված են ստորագրելու Ասոցացման համաձայանգիրը ու շարունակելու համագործակցությունը, սակայն վճռորոշը ոչ թե ցանկություններն են, այլ՝ շահերը,  ու խնդիրն ամենևին էլ լիրիկական այն հարցադրումը չէ՝ եվրոպացիներն են ավելի լա՞վը, թե՞ ռուսները։ «Մենք մեր շահը պետք է տեսնենք: Մեր շուկան Ռուսաստանն է, մեր սահմանային անվտանգությունը Ռուսաստանի հետ են իրականցնում, մեր էներգետիկ անվտանգությունը՝ նույնպես: Այսինքն՝ այն հարցերը, որ Ասոցացման համաձայնագիրն է առաջադրում, մենք այդ փուլը Ռուսաստանի հետ անցել ենք»։

Մաքսային թեմայից դուրս այսօր ճեպազրույցների ժամանակ նաև տեղեկացանք, որ «Ժառանգությունը» սեպտոմբերի  20-ին Ազատության հրապարակում հանրահավաք կհրավիրի, իսկ ԱԺ էթիկայի հանձնաժողովի աշխատանքին այս նստաշրջանում չի մասնակցի ՀԱԿ ներկայացուցիչը: Օրենսդրական այն փոփոխությունից հետո, երբ խախտվեց հավասարակշռությունը իշխանության եւ ընդդիմադիր ուժերի միջեւ, ՀԱԿ-ն իր մասնակցությունն այս կառույցում անիմաստ է համարում, լրագրողներին այսօր հայտնեց խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: 

Ցուցադրել ավելի
Back to top button