ԿարևորՔաղաքական

Օբամայի ուղերձը. Արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: Նախագահի մամուլի գրասենյակն այս տրամադրել է «Արմենպրեսին»։

«Դեսպան Ջեյմս Ուորլիքի Երեւան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տեւական ու աներկբա պատրաստակամության մասին: Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը եւ խաղաղության գործընթացին: Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները և համանախագահների հետ ժամանակ եւ ունակություններ գտնել դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց, քանի որ փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:»։

Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է ժամանել սեպտեմբերի 9-ին: Այսօր նա Երեւանից մեկնել է Ստեփանակերտ եւ կմասնակցի ԵԱՀԿ առաքելության` սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը` Ասկերանի ուղղությամբ։

ՄԽ ամերիկացի համանախագահի միջոցով Բարաք Օբաման ուղերձ էր հղել նաեւ Իլհամ Ալիեւին։

Ցուցադրել ավելի
Back to top button