Վիլնյուսյան գագաթաժողովի հարցերն են քննարկել հայ եւ վրացի նախարարները


Վիլնյուսում նոյեմբերի 29-30-ը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովին և դրա նախապատրաստական աշխատանքներին են այսօր անդրադարձել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Վրաստանի եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքս Պետրիաշվիլիի Երեւանում կայացած հանդիպման ընթացքում։
Էդվարդ Նալբանդյանն ու Ալեքս Պետրիաշվիլին անդրադարձել են նաեւ հայ-վրացական օրակարգի մի շարք հարցերի, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև հարաբերություններն այսօր քաղաքական, տնտեսական և հումանիտար բնագավառներում գտնվում են բարձր մակարդակի վրա, վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը շարունակել ջանքերը՝ ուղղված տարբեր բնագավառներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանը և ամրապնդմանը: