Հասարակություն

Ինչո՞ւ են ոչնչացվում պատմական հուշարձանները, ճարտարապետները փնտրում են պատճառները

Արմինե Գեւորգյան

«Ռադիոլուր»
Կառավարությունն է մեղավոր, որ այսօր Փակ շուկան խեղաթյուրվել է, վերջինիս անգործության արդյունքում է, որ մշակութային հուշարձանն այսօր լրիվ փոխվել է, «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման կազմակերպած ասուլիսում այսօր հայտարարեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասայաը նշում, որ ոչ ոք չէր մտածում, որ Փակ շուկայի նման կայուն շենքը կարող է այսպես աղավաղվել: Պատճառը, իհարկե, գալիս է այն ժամաներից, երբ մեր երկրում սկսվեց հախուռն շինարարություն, կառավարությունն անտեսեց մեր պատմամշակութային հուշարձանները, մասնավորեցրին որոշ շենքեր առանց որոշակի սահմանափակումների: Այդ ամենի պատճառով կորցրեցինք Երիտասարդական պալատը, «Սևան» հյուրանոցը։

Ճարտարապետ Սահրատ Պետրոսյանն ասաց, որ օլիգարխիկ համակարգում իրենք չկարողացան փրկել հուշարձանը, քանի որ իրենց մեղքի բաժինն ունեն նաև այն ճարտարապետները, որոնց մի մասը նաև չինովնիկներ են։ «
Եթե մենք կարողանանք պատասխանատվության ենթարկել նրանց, եթե ոչ դատական համակարգով, գոնե անարգանքի սյունին գամելով, մյուս ճարատարապետները զգույշ կլինեն: Սակայն որևէ մի կոլեգա պատասխանատվության չի ենթարկվել»,- նշեց նա:

Մկրտիչ Մինասյանի դիտարկմամբ՝ որտեղ փողի ներդրումները շատ են արվում, հասարակությունը տուժում է։ «Ոչ մի ճարտարապետ չի կարող պայքարել օլիգարխի դեմ: Ասում է՝ ես ուզում եմ այսպես, այսպես, ճարտարապետն իր հացի համար անում է, չի կարողանում հակադարձել, քանի որ հետևում պետական աջակցություն չկաե»- ասաց նա։ Մինասյանն իր խոսքում պարբերաբար կրկնում էր, որ կան օրենքներ, որոնք անթերի են, սակայն դրանք կիրառող չկա:

Ճարտարապետների միության փոխնախագահ Ալեքսանդր Բադալյանի կարծիքով էլ՝ ամենամեծ սխալը եկավ այնտեղից, որ թույլատրվեց զրո նիշից ներքև շինարարություն իրականացնել ու շինհրապարակ տեխնիկա մտավ։

Ասուլիսին ներկա կառուցապատող Թեմուր Մարգարյանի ներկայացմամբ՝ Փակ շուկայի ճարտարապետը, ինժեներներն այնպիսի տեխնիկական լուծումներ էին տվել մասշտաբային այդ կառույցին, որ նույնիսկ տասնյակ տարիների անց գտնվում էր տեխնիկական լավ վիճակում։ Ըստ նրա՝ այս վանդալիզմը սկսվեց Երրորդ հանրապետության առաջին շրջանում, երբ ավերեցին Լենինի արձանի պատվանդանը ու մեր ժողովրդի մեջ սերմանեցին, որ անցյալը կարելի է ավերել, եթե ուզում ես նորը կառուցել։

Ցուցադրել ավելի
Back to top button