Հասարակություն

Ուսումնական հաստատությունները վերածվել են բիզնես միջավայրի, քննարկվեցին կրթական որակի խնդիրները

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Մեր երկրում կրթության որակի, բովանդակության և ընդհանուր համակարգի մասին են այսօր խոսել ոլորտի մի շարք ներկայացուցիչներ ու շահագրգիռ անձինք: Քննարկման մասնակիցները նկատել են, որ ոլորտում առկա բոլոր խնդիրները սկսվում են դպրոցից, քանի որ այն չի ծառայում իր նպատակին ինչպես պետք է։ 
Նախաբուհական, հիմնական  կրթության նպատակը նախևառաջ դաստիարակությունն է, որպեսզի տվյալ անձնավորությունը իր տեղը գտնի հասարակության մեջ, իսկ արդեն մասնագիտական կրթությունը նա պետք է ստանա բուհում, կարծում է «Արեգնազան» դպրոցի ուսուցիչ, ԵՊՀ պրոֆեսոր Արա Աթայանը` միաժամանակ նկատելով, որ այսօր իրենց նպատակին չեն ծառայում ոչ դպրոցը, ոչ էլ բուհը: Ըստ նրա՝ բուհերն այսօր փոխարեն մտածեն ուսանողին լավ մասնագետ դարձնելու մասին, շատ ավելի կենտրոնացել են ուսանողներից ստացվող վարձավճարների վրա` այդպիսով ուսումնական հաստատությունը վերածելով բիզնես միջավայրի:

Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Խաչիկ Գալստյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ  Արա Աթայանի հետ: Ըստ նրա՝ ՀՀ-ում դեռևս կան որոշ բուհեր, որոնք ուսանողի համար կարողանում են ապահովել բավարար որակ: Այլ խնդիր է կրթության և աշխատաշուկայի միջև եղած կապը, որը  բացակայում է: «Պետք է հավասարաչափ բաշխվեն բոլոր մասնագիտությունները, քանի որ պահանջարկից ելնելով, ճիշտ է, կան որոշ մասնագիտություններ, որոնք մեծ պահանջարկ են վայելում մեր հանրապետությունում, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մեր նման փոքր երկրի համար հազարավոր բժիշկներ, հազարավոր իրավաբաններ հաստատ հարկավոր չեն»։

Այն, որ ուսանողներից շատերն անլուրջ են վերաբերվում իրենց ընտրած մասնագիտությանը և նրանց համար բուհ ընդունվելը ձևական բնույթ է կրում, ակնհայտ է և դրանում իր մեծ լուման ունի հատկապես ավագ դպրոցը, նկատեց Արա Աթայանը` բերելով մեկ օրինակ: «Պատմության ֆակուլտետի արվեստաբանության ամբիոնի 3-րդ կուրսում 1-ին դասն է,  ծանոթանում եմ ուսանողների հետ և տալիս եմ հարց: Միջնադարը երբ էր, հանկարծ լռություն, նորից եմ հարցնում, մի համարձակ աղջիկ պատասխանում է` 18-րդ դարում: Ասում եմ մի քիչ հետ պետք է գնաս: Մյուսը ձեռքը բարձրացնում է, ասում է 10-18: Ասում եմ, մի քիչ էլ հետ որ գնաս, ճիշտը կասես: Վերջապես 3-րդ աղջիկը պատասխանում է` ամենասկզբից: Հարցնում եմ ինչ նկատի ունի: Որն է ամենասկիզբը, Ադամից, Եվայից առա՞ջ։ Նա մտածում է, և պատասխանում` չէ՝ դրանից հետո: Ես հետո հասկացա տրամաբանությունը: Կա նախնադար, հետո կա պատմական շրջան, որի մեջտեղում կարող է լինել միջնադարը: Եվ ոչ մեկն այդ երեխաներից մեղավոր չէ: Նրանք ավարտել են դպրոցը միայն փաստեր անգիր անելով և նրանք չգիտեն, ինչպես վարվել այդ փաստերի հետ»:

Անդրադառնալով այս օրինակին՝ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով ևս ներկա էր քննարկմանը, նկատեց, որ կրթական տեխնոլոգիան պետք է հիմնված լինի ոչ թե հիշողության, այլ մտածողության վրա: Ըստ այդմ` ամենավատն այն չէ, որ ուսանողը չգիտի, թե որն է միջնադարը, շատ ավելի սարսափելի է, երբ այդ նույն ուսանողը չգիտի, թե ինչպես իմանալ այդ հարցի պատասխանը, ասաց Ահարոն Ադիիբեկյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button