ԿարևորՏնտեսական

Իտալական հայտնի նորաձեւության ընկերությունները մուտք են գործում Արցախ

Լուսինե Ավանեսյան

«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Արցախում իտալացի գործարարները պատրաստվում են պատվերներ կատարել հռչակավոր «Վերսաչի», «Արմանի», «Պրադա», «Մոսկինո» ընկերությունների համար: Այս օրերին իտալացի գործարարները ուսումնասիրում են Ստեփանակերտում արտադրություն սկսելու հնարավորությունները: Այսօր նրանք հանդիպել են վարչապետ Արա Հարությունյանի հետ։ Նախատեսվում է, որ  Իտալական ընկերությունը պիտի մաս կազմի Արցախում ձևավորվող թեթև արդյունաբերական  համալիրի:

Արդեն կես տարի է պետական միջոցներով կարգի է բերվում նախկին Ղարմետաքսկոմբինատի մասնաշենքերից մեկը: Ստեղծվող նոր արտադրական հարթակները տրամադրվում են այն ընկերություններին, որոնք թեթև արդյունաբեության զարգացման ծրագրեր են ներկայացնում: Արդեն իսկ գործում են տեքստիլ արտադրամասը,  գորգագործականը, բրդի վերամշակման  և թելի ստացման արտադրամասը: Այս ծրագիրը, ըստ նախաձեռնողների, ոչ միայն Արցախի տնտեսության նկարագիրը պիտի փոխի, այլև աշխատատեղեր ստեղծի, հատկապես կանաց համար: Իտալական ընկերության հետ համագործակցությունն իհարկե, այդ ամենի շրջանակում տեղավորվում է, ասում է վարչապետ Արա Հարությունյանը։

Իտալացիներին Արցախում, ըստ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի, պատրաստ են 3.5 հազար քառահազար քառակուսի մետր տարածք տրամադրել Ղարաբաղի նախկին մետաքսի կոմբինատում: Ըստ նախնական պայմանվորվածության՝ իտալացիները հոգալու են սարքավորումների ներկրման և արտադրանքի արտահանման հարցերը։

Զուտ տնտեսական այս նախաձեռնությունը, ինչպես և սպասելի էր, դժգոհություն է  հարուցել  Ադրբեջանում: Այդ երկրի արտգործնախարարությունը հետաքննում է տեղեկատվությունը: Իտալիայում Ադրբեջանի դեսպանատունը Բաքվից անհրաժեշտ հանձնարարականներ է ստացել, իսկ ազգայնականներն էլ իտալական ընկերությունների արտադրանքը բոյկոտելու կոչեր են անում։

Ցուցադրել ավելի
Back to top button