ԿարևորՏնտեսական

Եվրասիական զարգացման բանկի ձեւավորած տնտեսագետների խումբը՝ Մաքսային միության անդամակցության մասին

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
Եվրասիական զարգացման բանկի  առաջարկությամբ ամիսներ առաջ  Հայաստանում ձևավորվեց տնտեսագիտական  խումբ, որի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի եվրասիական ինտեգրման գործընթացին միանալու հեռանկարներն ու հնարավորությունները։ Տնտեսագետներից կազմված հանձնաժողովի առջև դրված խնդիրը հստակ էր` հաշվարկել Մաքսային  միության հետ առավել սերտ համագործակցության  դրական ու բացասական  հետևանքները Հայաստանի տնտեսության վրա:

Հանձնաժողովի մի քանի ամիսների աշխատանքի արդյունքն այսօր  ներկայացվեց թվերի լեզվով: Մինչ այդ, սակայն, վերոհիշյալ հանձնաժողովի նախագահ, տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Թավադյանն ընդգծեց, որ  Մաքսային միության հետ համագործակցության պայմանագիրը ոչ թե առևտրային, այլ ընդհանուր անվտանգույան մաս կազմող տնտեսական անվտանգության պայմանագիր է` աննախադեպ ներդրումների, տրանսպորտային ու էներգետիկ անվտանգության պայմանագիր։

Ըստ Թավադյանի՝ պայմանագիրը հայկական ատոմակայանի հետագա շահագործման, ինչպես նաև նոր ատոմակայանի կառուցման հնարավորություն է տալիս: Կարևորագույնը՝ նախատեսվում է գազի գնի իջեցում 30 տոկոսով:  Նկատենք, սակայն, որ տնտեսագետի ու էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի  տեսակետներում այս հարցում կա հակասություն: Նախարարն օրերս կտրուկ հայտարարեց, որ գազի գնի իջեցում չի նախատեսվում։

Վերադառնալով  Ռուսաստանից մատակակարվող բնական գազի գնին՝ վերոնշյալ հանձնաժողովի անդամ Սևակ Սարուխանյանն ասում է, որ Մաքսային միություն չմտնելու դեպքում այդ գինն անխուսափելիորեն կբարձրանար, ինչը բացասական ազդեցություն կունենար ողջ տնտեսության վրա: Ինչ վերաբերում է տրանսպորտային խնդրին, ապա, Սևակ Սարուխանյանի խոսքով, ինչպես Մաքսային միության հետ համգործակցության, այնպես էլ  ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրերում այս հարցի վերաբերյալ չկա  փաստաթղթային որևէ լուրջ հիմք, ինչը Հայաստանի  տրանսպորտային շրջափակման ճեղքման հնարավորություն կտար, սակայն աբխազական երկաթգծի շահագործումն առավել իրատեսական է։

Տնտեսագետներից կազմված հանձնաժողովն ուսումնասիրել է նաև մեր տնտեսության վրա ԵՄ Ասոցացման համաձայնագրի հնարավոր հետևանքները. տնտեսական աճն այս դեպքում կկազմեր 2-3 տոկոս, բայց կան այս թվի ձևավորմանը խոչընդոտող ռիսկեր, որոնք ամրագրված են Եվրամիության փաստաթղթում, առաջին՝ մենք ունենք խնդիրներ Թուրքիայի հետ, ռիսկ երկրորդ` Հայաստանի տնտեսության չափազանց մեծ կախվածությւնը  հումքից, որպես ռիսկային գործոն է ընդգծվում նաև կոռուպցիան, որն առկա է Հայաստանում։

Ցուցադրել ավելի
Back to top button