Հասարակություն

«Ես էլ ձեզ նման հայ եմ»,- թե ինչու պատգամավորը չի միացել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»
2014 թ հունվարի մեկից  Հայաստանն անցնում է նոր՝  պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Պատկան մարմինների պնդմամբ՝ նոր համակարգը ՀՀ քաղաքացիների  ապահով ծերության երաշխավորն է դառնալու:  Անցումը նոր համակարգին պայմանավորված է մի քանի հանգամանքով՝ ներկայիս  համակարգը ֆինանսապես կայուն չէ, քանի որ հավաքագրված սոցիալական վճարները բավարար չեն կենսաթոշակների վճարումն ապահովելու համար:

Բաշխողական կենսաթոշակային համակարգում բացակայում է ուղղակի կապը աշխատողի կատարած սոցիալական ապահովության վճարների և ապագա կենսաթոշակի չափի միջև։ Աշխատողները շահագրգռված չեն կենսաթոշակային վճարումներ կատարել համակարգին, որն ի վիճակի չէ ապահովել համարժեք կենսաթոշակ։ Գործատուները նույնպես խուսափում են պարտադիր սոցիալական ապահովության վճարներ կատարելուց` թաքցնելով աշխատատեղերի իրական քանակն ու թերհաշվառելով իրականում վճարված աշխատավարձերի մեծությունը։

Ստեղծվել է ժողովրդագրական բարդ իրավիճակ,  որը հետևանք է վերջին քսան տարիների ընթացքում ծնելիության կրճատման և աշխատունակ տարիքի բնակչության միգրացիայի: Արդյունքում` մեկ սոցիալական վճարում կատարողը ֆինանսավորում է մեկ կենսաթոշակառուի կենսաթոշակի վճարումը այն դեպքում, երբ Արևմտյան Եվրոպայի երկրներում երեք աշխատողը ֆինանսավորում է մեկ թոշակառուի կենսաթոշակի վճարումը։ «Կուտակիր  այսօր, ծախսիր վաղը»  սկզբունքով գործող նոր համակարգին հունվարի մեկից պարտավոր են միանալ 1974թ հունվարի մեկից հետո ծնված  վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Մոտավորապես երեք ամիս է մնացել նոր համակարգի ներդրմանը:

Երևանում այսօր ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման նոր  ծրագրի մեկնարկը   տրվեց։ «Մենք  մեծ ջանքեր ենք գործադրելու, որպեսզի  քաղաքացիները տեղյակ լինեն կենսաթոշակային նոր համակարգի մասին և կենսաթոշակային ֆոնդեր և ակտիվների  կառավարիչներ ընտրելիս կարողանան տեղեկացված որոշումներ կայացնել»- լրագրողներին փոխանցեց    USAID/PRIP Ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը:

«Նոր ծրագրով մեր աշխատանքները հիմնականում ուղղվելու են մի քանի բաղադրիչների: Ինչպես գիտեք, կենսաթոշակային համակարգը բաղկացած է լինելու չորս բաղադրիչներից և հիմնական մեր աջակցությունն ուղղվելու է հատկապես պետական կենսաթոշակային համակարգում տեղի ունեցող բարեփոխումներին։ Բացի դրանից՝ մենք նաև նպատակ ունենք մեծ աշխատանք ծավալել հատկապես գործատուների և մասնավոր հատվածի հետ, որպեսզի գործատուների միջոցով կարողնանք մասնակցություն ապահովել հատկապես երրորդ բաղադրիչին, կամավոր կենսաթոշակայիկն բաղադրիչին, որը չափազանվ մեծ նշանակություն ունի հատկապես ՀՀ տնտեսության համար»,- ասում է Արտակ Ղազարյանը։

«Որքանո՞վ ենք պատրաստ նոր համակարգի ներդրմանը»,- հարցին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանում է, որ «պատրաստ ենք գնալու այդ ուղղությամբ. մտավախություններ, խնդիրներ կլինի, ամեն ինչ էլ կլինի: Ես  միշտ ասել եմ, որ կենսաթոշակային բարեփոխումների համակարգում մինչև 2015թ ամբողջ օրենքների մեջ միշտ փոփոխություններ լինելու է, որովհետև ճանապարհը կթելադրի որն է ճիշտը և ինչպես պետք է փոխել մեր այսօրվա ունեցածը»։

Հակոբ Հակոբյանի տվյալներով՝ որևէ մեկը Հայաստանում չի միացել կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին։ Ինչո՞ւ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեփական օրինակով չխարխուսեց ՀՀ քաղաքացիներին։ «Ոչ մեկը չի միացել, որովհետև մարդու հոգեբանությունն այդպես է, իր համար այսօր ծախսի, վաղն ինչ կլինի, կլինի: Հայկական հոգեբանությունն է: Օրինակ՝ որ դուք ինձ ասեք, թե որ գումար չունեմ , դրա համար կամավոր չեմ մտել, այդպես չէ: Ես ազնիվ խոսք կարող էի մի 15 կամ 20 հազար դրամ յուրաքանչյուր ամիսը դնել կամավոր կենսաթոշակի մտնելու համար, բայց չեմ արել: Որովհետև ես էլ ձեր նման հայ եմ»։

Ցուցադրել ավելի
Back to top button